Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքները փորձության են ենթարկվում բոլոր տարածաշրջաններում. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2017 23:13

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ուղերձը Մարդու իրավունքների օրվա առթիվ

Այս տարի Մարդու իրավունքների օրը համընկնում է աշխարհի ամենահիմնավոր և համընդգրկուն միջազգային համաձայնագրի ընդունման 70-ամյակին նվիրված քարոզարշավի մեկնարկի հետ։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանում է հավասարություն և արժանապատվություն յուրաքանչյուր մարդու համար և նախատեսում, որ յուրաքանչյուր կառավարության կարևորագույն պարտականություններից է ստեղծել պայմաններ, որ բոլոր մարդիկ կարողանան օգտվել իրենց անօտարելի իրավունքներից և ազատություններից։

Մենք բոլորս ունենք մեր կարծիքը բարձրաձայնելու և մեր կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումների կայացմանը մասնակցելու իրավունք։ Բոլորս ունենք խտրականության բոլոր ձևերից զերծ ապրելու իրավունք։ Ունենք կրթության, առողջապահության, տնտեսական հնարավորությունների և արժանապատիվ կենսամակարդակի իրավունք։ Մենք ունենք անձնական կյանքի անձեռնմխելիության և արդարադատության իրավունք։ Այս իրավունքները վերաբերելի են մեզ բոլորիս, ամեն օր։ Դրանք խաղաղ հասարակությունների և կայուն զարգացման հիմքն են։

1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունումից ի վեր մարդու իրավունքները եղել են Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքի երեք հիմնասյուներից մեկը՝ խաղաղության և զարգացման հետ միասին։ Թեպետ Հռչակագրի ընդունումից հետո մարդու իրավունքների ոտնահարումները չվերացան, սակայն Հռչակագիրն անհամար մարդկանց օգնեց ձեռք բերել ավելի մեծ ազատություն և անվտանգություն։ Այն օգնել է կանխել ոտնահարումներ, արդարադատության հնարավորություն ունենալ օրինազանցությունների դեպքում և ամրապնդել մարդու իրավունքների ազգային ու միջազգային իրավական դաշտն ու երաշխիքները։

Չնայած այս առաջընթացին, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հիմնարար սկզբունքները փորձության են ենթարկվում բոլոր տարածաշրջաններում։ Մենք ականատեսն ենք մարդու իրավունքների և դրանց պաշտպանների նկատմամբ թշնամանքի այն մարդկանց կողմից, որոնք ցանկանում են օգուտ քաղել շահագործումից և երկպառակությունից։ Մենք ականատեսն ենք ատելության, անհանդուրժողականության, գազանությունների և այլ հանցագործությունների։ Այս գործողությունները վտանգ են բոլորիս համար։

Մարդու իրավունքների այս օրը ցանկանում եմ գնահատանքի խոսք ասել խիզախ իրավապաշտպաններին և մարդու իրավունքների ջատագովներին, որոնք ամեն օր, հաճախ խստագույն վտանգի պայմաններում, աշխարհով մեկ գործում են հանուն մարդու իրավունքների։Ես հորդորում եմ քաղաքացիներին և առաջնորդներին՝ ամենուր ոտքի ելնել հանուն մարդու իրավունքների՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների, և այն արժեքների, որոնք ամրապնդում են բոլորիս համար ավելի արդար, ավելի անվտանգ և ավելի լավ աշխարհ ունենալու մեր հույսը։

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031