Նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մասին, համայնքապետերի հետ հանդիպմանը դիտողություններ արեց նրանց՝ խոսելով համայնքներում տնտեսական զարգացման ծրագրեր չներկայացնելու, շինարարության հետ կապված սխալ թվեր ներկայացնելու, սխալ հաշվառում անելու եւ մի շարք հարցերում թերանալու համար:
Նա ամոթանք տվեց համայնքապետերին. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի այդ խոսքերը դիտողություն չի ընկալում. «Ես դա ընկալում եմ՝ որպես խոստովանություն, Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ տարիներ շարունակ երկրում առկա է եղել գողությունը: Դա խոստովանություն է առաջին հերթին: Հետո հետաքրքրվողները կարող են թերթել, ինտերնետը այդ հնարավորությունը տալիս է, որ թերթեն եւ տեսնեն, թե տարիներ շարունակ ինչ է ասել Սերժ Սարգսյանը գողությունների, յուրացումների հետ կապված, կոռուպցիայի հետ կապված եւ իր ասելուց հետո ինչ է փոխվել մեր երկրում: Այդտեղից կարող են հետեւություններ անել՝ դա լո՞ւրջ ելույթ էր, թե՞ հերթապահ ելույթ»:
Վարդան Հարությունյանի խոսքով՝ «Մենք տեսնում ենք մեր կյանքը, մեր շուրջը այլ բան, խոսում են բոլորովին այլ բանի մասին: Երբ մտնում ենք այդ զրույցի մեջ, փորձում ենք տրամաբանություն գտնել այնտեղ, որտեղ չկա»: Ըստ պարոն Հարությունյանի, ժամանակ առ ժամանակ նման հանդիպումները, խորհրդակցությունները պարզապես իրենց աշխատանքային առօրյան է, նրանք դրանով զբաղվում են, բայց երկիրը բոլորովին այլ ընթացքով է ընթանում: Եթե նրանց ներկայացրածի չնչին տոկոսը իրականությանը մոտ լիներ, մեր երիտասարդներից յուրաքանչյուրը չէր մտածի հայրենիքից հեռանալու մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ