Այս աղցանը աշխարհին տվել է ֆրանսիական Նիցցա քաղաքը (ֆրանսերեն` Nice), այն շատ պարզ ու միաժամանակ շքեղ տեսք ունի:
19-րդ դարում «Նիսուազի» դասական բաղադրատոմսն ավելի քան պարզ էր` լոլիկ, անչոուս եւ ձիթապտղի յուղ: Տարիների ընթացքում դրանց ավելացան այլ մթերքներ` թանձրուկի համար մանանեխ եւ քացախ, մանր կտրատած սոխ ու սխտոր, իսկ բանջարեղեններին ավելացան «լեթուս» աղցանի տերեւները, ձիթապտուղ, կապար եւ այլն: Անչոուսը փոխարինվեց թյունոսով: 20-րդ դարի վերջերում «Նիսուազն» արդեն անճանաչելիորեն փոխվել էր` բաղադրատոմսի մեջ ներառվել էին պինդ խաշած ձու, կարտոֆիլ, կանաչ լոբի… «Նիսուազի» այսօրինակ կերպարանափոխությանը ֆրանսիացի դասական խոհանոցի նվիրյալները խանդով եւ զայրույթով են մոտենում, սակայն մենք, թերեւս, այդքան չխորանանք, եւ օգտվենք ավելի մեծ տարածում ունեցող բաղադրատոմսից, մանավանդ, որ նրա մեջ կա այս օրերին ԱԺ որոշ պատգամավորների շնորհիվ մեծ համբավ ձեռքբերած կարտոֆիլը:
Անհրաժեշտ մթերքները
Աղցանի տերեւներ (լեթուս մեզ մոտ դժվար գտնեք, կարող եք ցանկացած տեսակի մառոլ վերցնել)- 1 կապ
Կարտոֆիլ- 4-5 հատ
Ձու-4-5 հատ
Լոլիկ (ցանկալի է չերրի տեսակի)- 7-8 հատ
Կանաչ լոբի- 300 գրամ (ձմռանը կարող եք փոխարինել պահածոյացված լոբով` 1 տուփ, ջրքամված)
Պահածոյացված թյունոս- 1 տուփ
Կարմիր բողկ-5-6 հատ
Ձիթապտուղ- 3-4 ճաշի գդալ
Կապար (каперсы)-1 ճաշի գդալ
Աղ, պղպեղ` ըստ ճաշակի
Թանձրուկի համար
Ձիթապտղի յուղ- կես բաժակ
Քացախ- կես բաժակ
Մանանեխ- 1 ճաշի գդալ
Կարմիր սոխ- կես հատ
Սխտոր-1-2 պճեղ
Թարմ բուրավետ կանաչիներ (ըստ ճաշակի, օրինակ` ուրց, հազրեվարդ (розмарин), օրեգանո, կանաչ սոխ եւ այլն)- մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը, ձուն, կանաչ թարմ լոբին լավ լվացեք եւ խաշեք: Ձուն պետք է շատ պինդ խաշվի: Բողկը, լոլիկը եւ աղցանի տերեւները լավ լվացեք:
Մինչեւ բանջարեղենը խաշվի, պատրաստեք թանձրուկը: Որեւէ տարայի մեջ լցրեք ձիթապտղի յուղը, քացախը, մանանեխը, շատ մանր կտրատած սոխը, սխտորն ու կանաչիները, լավ խառնեք: Կարող եք այդ ամենը լցնել որեւէ ապակյա բանկայի մեջ, կափարիչը փակել եւ ուժգին թափահարել:
Մեծ մատուցարանի մեջ շարեք աղցանի արդեն լվացած եւ չորացրած տերեւները, վրան ցողեք թանձրուկի մի մասը: Խաշած եւ թարմ բանջարեղենը կտրատեք եւ դասավորեք աղցանի տերեւների վրա` խումբ-խումբ. կարտոֆիլն առանձին, բողկն` առանձին, լոլիկն` առանձին, կանաչ լոբին` առանձին: Ձուն` առանձին: Թյունոսի կտորները տեղավորեք մեջտեղում: Ձիթապտուղն ու կապարը` բանջարեղենի արանքներում: Այս ամենի վրա առատորեն ցողեք մնացած թանձրուկը եւ մատուցեք:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ