(Բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ զրուցում է արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանը)
– Ասում են՝ յուրաքանչյուր արվեստագետ գոնե մեկ անգամ պիտի լինի Փարիզում: Արդեն վեց տարի է Ֆրանսիայում ես: Ի՞նչ ավելացրեց այդ երկիրը քո իմացություններին, զգացումներին և կենսափորձին…
-Ապրել և չլինել Փարիզում, ապրել և երբեք չսիրահարվելու նման բան է:
Ֆրանսիան չքնաղ և բարեկեցիկ երկիր է, սակայն Փարիզի օդի մեջ էլ ինչ-որ արտասովոր բան կա: Այս քաղաքը պահպանել է այն բոլոր մարդկանց էներգիան, ովքեր ապրել այստեղ և աշխարհի մշակույթում իրենց հետքն են թողել:
Շանզ Էլիզեի աղմկոտ ու բազմազգ սրճարաններում, թե Ելիսեյան դաշտերի չաղարտված խաղաղության մեջ, ամենուր Փարիզն է՝ միայն իրեն հատուկ զգացողություններով:
Ֆորմայի՝ ձևի առումով առավել գեղեցիկ աչքեր, քան եզինը՝ չկա, բայց Աստծո մեծագույն ընծան ներդաշնակությունն է. աչքը գեղեցիկ է դարձնում հայացքը: Վայրը թանկ է, եթե դու այդտեղ ինչ-որ բան ես գտել կամ կորցրել. ես Փարիզում երջանիկ էլ եմ եղել:
Վերացական նկարչություն առանձնապես չեմ սիրում, թե չեմ հասկանում, սակայն, մի օր Պոմպիդու կենտրոնում, Խուան Միրոյի նկարը տեսա, և ծնկներս ծալվեցին: Ինչո՞ւ….Փարիզն էլ է այդպես՝ զուտ զգացողություն է: Ես մի տարիքում եմ, երբ ժամանակը գրեթե չի տալիս, տանում է մինչ այդ տվածը: Կյանքից հետզհետե հեռանում են մարդիկ, որոնց ճանաչել ես ու, հանկարծ հասկանում ես, որ նույնիսկ ոչ սիրելի մարդու կորուստը քո անձնական ողբերգությունն է, որովհետև նրա հեռանալով ընդմիշտ փակվում է կյանքիդ այդ դուռը ևս:
Ցանկացած ծայրահեղ վիճակ փորձություն է: Կկարողանա՞ս, կդիմակայե՞ս հանուն բոլոր նրանց, ովքեր սիրում են քեզ, որովհետև ապրելը երբեմն ավելի դժվար է, քան չապրելը:
Այդպիսի համլետյան հարցադրման կիզակետում հանկարծ պատը ճաք է տալիս (կամ այդ ճաքը նոր ես նկատում, կամ այլևս չես կարողանում չնկատել): Մարդիկ, որոնց քո պատկերացումներում ինքդ ես կերտել՝ ընկրկում են, պարզված ձեռքիդ փոխարեն նախընտրում փքաբլիթը, կարծելով՝ երկնային մանանա է, և դու անապատում դեգերող Մովսեսից վերածվում ես անապատի:
Մինչ այստեղ գալը, ես կարծում էի, թե ֆրանսիացիները կրակն են ընկել իրենց հեղափոխության կարգախոսների ձեռքը և փաթաթում են աշխարհի պարանոցին, սակայն այդպես չէ: Այստեղ ապրում են այլ կերպ. աշխարհընկալման տարբերություններ կան: Հայաստանից ծիրանի ծառը բերում, տնկում են, տեսքով նման՝ անհասկանալի համի պտուղ է տալիս: Ո՞րն է պատճառը: Երևի, ամեն մարդ ու ծառ պետք է աճի այնտեղ, որտեղ տնկել է Աստված: Թվացյալ բարեկրթության հետևում «հոգի չկա», եթե պատահաբար տրորում ես ինչ-որ մեկի ոտքը, ինքն է ներողություն խնդրում և չգիտես ինչու շնորհակալություն հայտնում:
Մեզ գրքերից ծանոթ համաշխարհային մշակույթի կենտրոնը, ուր իմպրեսիոնիզմի, ավանգարդի և մոդեռնի տարիներին սուրում էին աշխարհի որդիները, չափանիշ համարվող, զուտ ֆրանսիական մշակույթը կերտելու, գոյություն չունի:
Իմ տպավորությամբ, հիմա անկման վիճակ է, գուցե, կենցաղային բարեկեցությունը հոգու համար տեղ չի թողել: Այստեղ ավելի սուր ես հասկանում, որ Սոդոմ- Գոմորը ոչ միայն հեռավոր անցյալում է, այլև մարդկությունը գնում է դեպի այնտեղ:
Ֆրանսիացիները, ի տարբերություն գերմանացիների, ընտանիքի ինստիտուտն այնքան էլ չեն կարևորում, երեխաներ չեն ծնում: «Գնչուացած» հայերն ու մյուսներն իրենց զավակներից ֆրանսիացի բանվորներ, զինվորներ, գիտնականներ և պարզապես քաղաքացիներ են կերտում:
Հայկական դպրոց կա, երբեմն գնում եմ հայ երեխաներ տեսնելու: Եթե նույնիսկ մեկ տարի էլ չկա, որ տեղափոխվել են, իրար հետ ֆրանսերեն են խոսում: Նրանց չեն հորդորում, չեն սպառնում, պարզապես այդպես ավելի հարմար է:
Երկրում ապրելու և կարգավիճակ ստանալու առաջին նախապայմանը ֆրանսերեն որոշակի ասատիճանի տիրապետելն է: Պետությունը, հասկանալով լեզվի դերը, Ֆրանկոֆոնիայի համար ամբողջ աշխարհում մեծ գումարներ է ծախսում:
Ոչինչ պատահական չէ: Երկու համաշխարհային պատերազմներում «երեք» փամփուշտ չարձակելով՝ Ֆրանսիան նստել է հաղթողների սեղանին և բավարարված վեր կացել: Առանց նրա ոչ մի համաշխարհային խնդիր չի լուծվում:
Գրեթե նույն տարածքով, նույնքան ծովերի և նեղուցների է տիրապետում Իսպանիան, իսկ համաշխարհային քաղաքականության քարտեզի վրա որտե՞ղ է գտնվում, որևէ մեկը կարո՞ղ է ասել :
Շատերը կարծում են, թե Ֆրանսիան «արաբանում է»: Արաբները, ինչպես և մենք, ընդամենը հումք ենք: Գերմանիայում աֆրիկացին հինգ հազար տարի էլ ապրի, գերմանացի չի կարող դառնալ: Այստեղ հինգ տարի անց՝ դառնում է ֆրանսիացի: Ֆրանսիան չի վերանում, գուցե մի քիչ «թխանում է», սակայն նույն լեզվական հիմքի վրա է և նույն մշակութային դաշտում: Այս երկիրը շնաձուկ չէ, որ հարձակվում, կտոր-կտոր է անում զոհին, այլ կետ է, որը վտառներ է կլանում՝ նույնիսկ առանց տեսնելու: Դա խորապես մտածված, գլոբալիզացիայի մարտահրավերները չեզոքացնող ազգային ծրագիր է:
Ուրիշի դրախտ է: Գրեթե չկան սոցիալական խնդիրներ: Երկիր է, որտեղ օրինականության դաշտում չգտնվող, անպատիժ, մանր գողությամբ զբաղվողները կեղծ փաստաթուղթ են «ձեռք գցում» աշխատելու համար: Միջավայրն է թելադրում. այդպես ավելի ձեռնտու է:
Ես Հյուգոյից մինչև Լիզառազյու գիտեի դեռ Հայաստանում: Հիմա ապրում եմ երեկվա մեջ, և, թե ի՞նչ է կատարվում դրսում՝ հաճախ չգիտեմ: Ուրեմն, ի՞նչ կարող է տալ այսօրվա իմ այս կերպ ընկալված Ֆրանսիան՝ ինձ:
–Երբեմն սիրտը կեղեքելու չափ տխուր են տողերդ. «Ապրում եմ ընդհատված երազի լուսանցքում, ծաղկից զատված բույրի գոյությամբ…»: Մի՞թե այդ տոն թվացող երկիրը չի մեղմացնում կարոտը։
-Երևանում մի սրճարան կար, ուր հավաքվում էին գրողներ, նկարիչներ, բոհեմական բարք ու վարքով մարդիկ, երբեմն ազգային ժողովի նախկին պատգամավորներ, ավելի հազվադեպ ներկա «ընտրյալներ»՝ կուշտ, կերած-խմած, մշակված շարժուձևով ու արտաքինով՝ սակայն բանաստեղծ լինելու անցյալով։
Սրանց կողքին նախկին ընկերներն էին. քծնանք ու փառաբանություն էր հնչում, որ երբեմն մեծարվող «վոժդը» թեժացնում էր «առատ, անհատ» իր պատվերներով:
Տեսնելու բան էր, թե ինչպես էին փորձում նախանձոտ հայացքներ որսալ «ոժդի» զգոն և բախտավորված սեղանակիցները:
Մի «պերսոնաժ» էլ կար: Հիշում եմ, թե ժամանակին հանդգնության համար դրան ինչպես «անկյուն կանգնեցրեց» լուսահոգի Վահագն Դավթյանը։
Երրորդ հանրապետության առաջին կառավարության սպիտակ կոստյումով, փողկապով և սպիտակ բոթասներով այդ նախարարը մի հոդված էր գրել, (Չնչին որպես Արարատին նետված քար), թե Չարենցը պոետ չէ…
Այսինքն, ինքն է պոետը… Նրա բանաստեղծության «բարձրակետը» 80-ական թվականներն էին, երբ մեղուների ու նման բաների մասին բանաստեղծություններ էր գրում, կարծելով, թե դրանով արդեն Մեծարենց է:
Վերջին տարիներին գրքեր է տպագրում՝ պոռոտախոս հավակնոտությամբ մեկնաբանելով դրանք; Աստվածաշնչյան թեմաների արծարծումը տղա կանչելու նման բան է. ինչպես Չարենցն էր ասում. «Երգիդ հերոսը հնդիկ է, թե՝ չին…»:
«Պոետի» թիկնազորը բազմազան է՝ գրական պատեհապաշտներ, նախկին նախարարի հետ առնչությունն իսկ բախտ համարող, գործազուրկ, արդեն ծերացած տղերք, որ ուշացումով գլխի ընկել, թե իրենք էլ էին բանաստեղծ և ցնծության նոպաներ են բեմադրում «դու էլ ինձ գովիր» տրամաբանությամբ:
Այդ նախկին միջակ բանաստեղծը, և ապաշնորհ նախարարը տպավորիչ, մշակված շարժումով, «հո» անելով, կարողանում է խնամքով մաքրել ակնոցը կամ հեռախոսը: Ոմանց վրա դա ավելի մոգական ազդեցություն է գործում, քան ազատ և չգիտցած թեմաներով նրա ճամարտակությունները:
Ուրիշ կերպարներ էլ կան. դեռ հորդող էներգիային լայն կիրառություն չապահոված՝ անխնամ, իրենց նման բանաստեղծություններ, պատմվածքներ և, նույնիսկ վեպեր գրող կանայք, սեփական անձը գրականությանը առնչակից համարող, գործածությունից դուրս եկած պաշտոնյաներ:
Շնորհալի կամ պատահական մարդիկ էլ էին հանդիպում…
Այդ սրճարան ես հաճախում էի ամեն օր: Կամ իմ կողքին չէին նստում, կամ ընկերակիցներ չէի փնտրում:
Այստեղ՝ Ֆրանսիայում հասկացա, թե ինչու էի ամեն օր գնում: Դու այսպիսին կամ այնպիսին ես քո միջավայրում, եթե, նույնիսկ չես ընդունում այդ միջավայրը:
Չէ՞ որ տիեզերքի մի պատահական կետի նկատմամբ մենք ոչ սեր ունենք, ոչ էլ՝ ատելություն:
Հայրենիքում է, որ ծիրանի ծառը քեզ ծանոթ մեկին է հիշեցնում՝ բնանկարը քո շարունակությունն է; Այստեղ ամեն ինչ խորթ է և անհարազատ. ես չեմ ասում տգեղ՝ այլ է…
Փարիզը տոն է, որ միշտ քեզ հետ է, եթե այդ տոնը կա, բնակվում է քո ներսում…
(շարունակելի)