Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը շարունակությունն է վերջին ամիսների ընթացքում այն դիվանագիտական ձեռքբերումներին, որն ունի Հայաստանը (ներկայացնելով նաև Արցախը): Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Երեք կարևոր ամրագրում տեղ են գտել այս վերջին ամիսների ընթացքում ընդունված փաստաթղթերում, որոնք մենք պարտադիր ենք համարում նմանատիպ ձևաչափերում, որպես հայկական կողմից հետապնդվող նպատակներ: Դրանք են` խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահների ջանքեր և ինքնորոշման իրավունքի ճանաչում` որպես կարգավորման սկզբունքներց մեկը»,- ընդգծում է Արմեն Աշոտյանը` ավելացնելով, որ պետք է միշտ ուշադիր լինել` դիվանագիտական առումով այս երեք կարևոր ձեռքբերումները լինեն նման փաստաթղթերում:
Ըստ Արմեն Աշոտյանի Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունը գալիս է եզրափակելու արտաքին ոլորտում հայկական կողմի այն քաղաքական ջանքերը, որոնց նպատակն է վերջ դնել միջազգային ատյաններում ադրբեջանական ապակառուցողական կեցվածքին:
«Այս հայտարարությունը նաև այն հերթական արցախյան օղակն է Ալիևի վարչակազմի համար, որպեսզի նրանք հասկանան, որ Հայաստանն ու Արցախը «դատապարտված» են ապրել իրար կողք, և մենք ունենք երկու հայկական պետականություն»,- նշում է Արմեն Աշոտյանը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ