Արցախի խորհրդարանը բավականին հաջող քայլեր է ձեռնարկել իր միջազգայնացման հետ կապված: Արցախի միջազգային ճանաչումը մենք դիտում ենք, որպես Արցախի խնդրի արդար լուծման կարևոր ուղղություններից մեկը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Խոսելով արցախյան գործընկերների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` Արմեն Աշոտյանը նշեց, որ գալիք տարի` երկու հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Ստեփանակերտում, և բացի այդ կնախաձեռնվի նաև ՀՀ ազգային ժողովի վերլուծական խորհրդի արտագնա նիստ կազմակերպել Ստեփանակերտում:
«Քննարկել ենք նաև պետական մակարդակով նշվող տարեդարձներին և տարելիցներին համատեղ ձեռնարկումներ իրականացնելու ծրագրեր` մասնավորապես Արցախի շարժման սկզբնավորման երեսունամյակին, Հայաստանի առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև հաջորդ տարի Հայաստանում նախատեսվող «Ցեղասպանության կանխարգելման» միջազգային ֆորումի վերաբերյալ»,- պարզաբանում է Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով արցախյան շարժման երեսունամյակը հրաշալի առիթ է պատմելու համաշխարհային քաղաքական վերնախավին, հասարակությանը, լրատվամիջոցներին արցախյան շարժման իրական պատճառները և պատմությունը. «Արցախյան շարժումը ծագել է, որպես ժողովրդական, ազգային ու արդար շարժում, և սա կարևոր բնութագիր է, քանի որ տարբերվում է հետխորհրդային տարածքում մնացած բոլոր նմանատիպ հակամարտություններից»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ