Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց Գյումրու բրենդը. քաղաքը փորձում են հայտնի դարձնել Սև Ղուլով, գարեջրով, չեմպիոններով (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2017 19:11

Deem Communications PR և մարկեթինգային ընկերությունը, որը մի քանի ամիս է՝ զբաղված է Գյումրու բրենդավորման ծրագրով, այսօր  տեխնոլոգիական կենտրոնի շենքում ներկայացրեց Գյումրու բրենդը։ Գյումրու բրենդավորման ծրագրի ղեկավար, կանադահայ Րաֆֆի Նիզիլբյանը նախ խոսեց բրենդավորման ընթացիկ աշխատանքների մասին՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ հարցումներ են կատարել, ինչ հայտնի գյումրեցիների հետ են խորհրդակցել, այնուհետ ցուցադրեց բրենդավորման բովանդակությունը՝ բաղկացած 6 սիմվոլներից։ Դրա հիման վրա էլ կառուցվել է լոգոն։

«Մենք ընտել ենք լատինատառ Գյումրին, այն սիմվոլով ենք ներկայացնում, որպեսզի կարողանանք իր պատմությունը ներկայանալի դարձնել նայողին և լսողին։ Այդ սիմվոլներից առաջինը՝G-ն Սև Բերդն է, որը ճարտարապետության սիմվոլ կարելի է վերցնել, G-ն տանում է ճարտարապետություն։ Երկրորդը՝ Y-ը տանում է չեմպիոնների քաղաք, եթե մեկին ուզում ենք պատմել Գյումրիի մասին, ասում ենք ճարտարապետությունը, չեմպիոնների քաղաքը։ U-ն խորհրդանշում է գարեջուր․ Ալեքսանդրապոլն առաջինն էր, որ գարեջուր ներկայացրեց հայերին, ինչու չէ Գյումրի թող լինի գարեջրի քաղաք, շաբաթվա վերջ գան գարեջուր խմեն, ժամանակ անցկացնեն։M տառը ներկայացնում է տեխնոլոգիական կենտրոնի շենքը, R տառը արվեստ և արհեստ՝ քարամշակում, փայտամշակում և I-ը երեք հատկանիշներ ունի՝ մեկը հումոր է, մեկը բարբառ է, մյուսը՝ մարդիկ են։ Գյումրիում մարդիկ յուրահատուկ են, կարելի է ասել չի եղել դեպք, որ շատ լուրջ թեմա գյումրեցիների հետ խոսելուց բարձր չծիծաղեմ», -ասաց բանախոսը։

Այնուհետ բանախոսը ներկայացրեց այն երեք ուղիները, որոնք բերելու են Գյումրի․ դրանք են՝ կայարանը, օդանավակայանը և ճանապարհները, որոնք վերանորոգվում են։ Ըստ նրա, սրանք շատ կարևոր են։ Ցուցադրեցին փոքր ֆիլմ, թե ինչպիսին է Գյումրին։

Այնուհետ ներկայացվեց Գյումրու լոգոն՝ ըստ թվարկված 6 տարրերի, որոնցով և ստացել են G տառը․ քաղաքի առաջին տառը՝ լատինատառ։ Այն երեք գույն ունի սև, կարմիր, նարնջագույն։ Լոգոն, ըստ բանախոսի, օգտագործվելու է  թե՛  առանձին հուշանվերի տեսքով, թե՛ տարբեր իրերի վրա, օրինակ՝ պայուսակների, փակցվելու է քաղաքի տարբեր հատվածներում։

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը չշտապեց կարծիք հայտնել՝ հավանե՞լ  է Գյումրու բրենդը, թե՞ ոչ։ Նա ասաց, որ կարող են տարբեր, հակասական կարծիքներ հնչել, կարևորն այն է, որ այն քաղաքին ճանաչում բերի։

Deem Communications PR և մարկեթինգային ընկերության ստեղծագործական խմբի ղեկավար Րաֆֆի Նիզիլբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք առաջարկել են վերցնել 6 տարրերը և զարգացնել։ «Եթե ասում ենք գարեջուր, ի՞նչ ենք ուզում ասել գարեջրով, կա արտադրություն, բայց մենք դրանով չենք ուզում սահմանափակվի։ Թող արտադրությունը զարգանա, լինի այստեղ գուցե գարեջրի մշակույթ, որն իր հետ բերում է երաժշտական զարգացում, այսինքն՝ ակումբային ինչ-որ տարածքներ, միջավայր, որոնք շատ բնորոշ կլինեն այս քաղաքի համար»,-ասաց Րաֆֆի Նիզիլբյանը։

Ըստ նրա, գարեջուրն արդեն կա Գյումրու պատմության մեջ, նոր բան չեն հորինում, առաջ են քաշում այն, ինչ կա։  Ալեքսանդրապոլն առաջինն էր, որ հայերին է ներկայացրել գարեջուրը, կարելի է այդ պատմությունը օգտագործել։ «Ես ուղղություն եմ տալու, ով ուզում է, թող վերցնի զարգացնի, ով չի ուզում, իրեն ոչ մեկը չի պարտադրում»։ Նա առաջարկում է փողոցներում անցորդների համար նախատեսված գծանշումների վրա անեկդոտներ գրել, ռեստորաններում էլ մենյուն սկսել անկեդոտով, ինտերնետի լոգոները ևս հումոր պարունակող արտահայտություններ առաջարկեն։ Ըստ մեր զրուցակցի, պիտի ցուցադրել Գյումրու հումորը։

Րաֆֆի Նիզիլբյանի ասելով՝ իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ այցելուները, օրինակ՝ երևանցիները օրը մինչև 15 հազար դրամ պատրաստ են ծախսելու Գյումրիում, եթե կա համերգ, լավ սնունդ։

Միջոցառմանը մասնակցող քանդակագործ Ալբերտ Վարդանյանն ասաց, որ շատ է հավանել բրենդը։ «Սիրելի բան կա իր մեջ, այստեղ տեսա կնոպկա, որը շատ բնորոշ է մեզ, ծակելու, ամեն ինչ տեղը դնելու, չզիջելու․․․Մեր բնավորության բնորոշ գծերից է։ Մենք ունենք խայթելու բնավորությունը, եթե ինչ-որ մի բան դուրերս չի գալիս, արտահայտվում ենք։ Ես տեսա այս ամենը լոգոյի մեջ», ասաց քանդակագործը։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է արտահայտել․«Ափսոս․ասել, թե որեւէ ակնկալիք չունեի մի մասնավոր ընկերության կողմից Գյումրու բրենդավորման արշավից, սխալ կլինի: Մտածում էի, որ այդ ամբողջ աշխատանքը մեկ կամ մի քանի հանրայնորեն ընդունելի արդյունք կտա, կունենանք ուղենիշներ քաղաքի համբավի տարածման: Մեկ անգամ էլ ինձ հետ են զրուցել հետազոտողները, ես էլ իմ քաղաքի լավն ու վատը, արժանիքներն ու փառքը ներկայացրել եմ իրենց այնպես, ինչպես տարիներ շարունակ ներկայացրել եմ բոլոր հետաքրքրվածներին: Այսօր աշխատանքի արդյունքը պիտի ներկայացնեին, զբաղված էի, չկարողանա մասնակցել: Բայց տեսա հրապարակումները:

Մի հատկանշական բան, դեռ ամիսներ առաջ քաղաքապետը աջուձախ հայտարարում էր, որ շուտով Գյումրին իր բրենդը կունենա: Ինձ այն ժամանակ էլ էր անհասկանալի, թե որտեղից այդպիսի վստահություն իրեն, թե այս ուսումնասիրությունը հաստատապես հանգեցնելու է քաղաքի բրենդի սահմանման, մանավանդ ո՛չ օրենդրությամբ, ո՛չ էլ որեւէ կարգով նման սահմանում չի կարող լինել, ամեն մեկն իր հուշն ու ընկալումն է ունենում մի տիրույթի, եւ որեւէ ընկալման բնական զանգվածայնացումը վերածվում է կերպարի, խորհրդանշի, բրենդի, եթե կուզեք. Նյու Յորքը՝Մեծ խնձոր, Փարիզը՝ Էյֆելի աշտարակ կամ սիրո քաղաք, Հռոմը՝Կոլիզեում, Մոսկվան՝Կրեմլ, Արենին՝Գինի, Բարսելոնա՝Գաուդի եւ ֆուտբոլ եւ այլն: Չգիտեմ ինչու եւ ինչպես Բալասանյանը որոշել էր, որ այս հետազոտող ընկերությունը ինչ որոշեց, դա էլ ինքնաբերաբարլ ինելու է Գյումրու բրենդ: Բայց բարեբախտաբար՝բրենդը զոռելով կամ զոռով չէ։

Շնորհակալություն հայտնելով բրենդավորման աշխատանքային խմբին՝ կարճ ասեմ, որ այն, ինչ ստացվել է, չկարողացա ընկալել որպես Գյումրու բրենդ կամ խորհրդանիշ. Գյումրու Սեւ բերդի հատակագծին նմանեցված լատիներեն մեծ ատառ G տառն է՝ կարմրասեւ երանգներով, ու պրծ: Գուցե պարզ են որոնել, բայց ստացվել է պարզունակ ու Բալասանյանին պատկանող մի շինության խորհրդանշմամբ: Գուցե կասեն, որ դա ի նկատի չեն ունեցել, բայց դե առաջինը, որ մտքիս եկավ դա էր նկարը տեսնելիս. Սեւ բերդին նմանեցրի:

Ես հիմա, իհարկե, չեմ պատմի, թե իմ անձնական մոտեցումը Գյումրու կերպարավորմանը ինչ է, որը կարող էր լինել Գյումրու խորհրդանիշը, բրենդը, հրավիրատոմսը կամ համբավահենքը եւ այլն, մի օր իմի կբերեմ. կարտահայտվեմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031