ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ելույթ է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Իր ելույթում Արթուր Դավթյանը նշել է.
Նախ՝ թույլ տվեք ողջունել բոլորիդ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այդ առթիվ կազմակերպված այս միջոցառումն իսկապես լավ առիթ և հնարավորություն է՝ ի մի բերելու մեր երկրում կոռուպցիայի հակազդմանն ուղղված քայլերը, միջոցառումները, վեր հանելու խնդիրները, միասին գտնելու այս չարիքի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և համակողմանիությունն ապահովելու առավելի ազդեցիկ և ներգործուն մեխանիզմներ:
Անցած մեկ տարվա ընթացքում ՀՀ նախագահը մի քանի անգամ առիթ է ունեցել իրավապահ մարմինների, այդ թվում նաև ՀՀ դատախազության հետ իր շփումներում հստակ շեշտադրելու կոռուպցիայի դեմ համակարգված, անզիջում պայքարի անհրաժեշտությունը: Անցած տարի այս օրը հրավիրված համաժողովում ես նշել էի, որ Կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է ՀՀ դատախազության համար: Չնայած հանցավորության դեմ պայքարի համատեքստում դա իրավապահ մարմինների պարտականությունն է, սակայն նման մոտեցումները պարզորոշ ուղերձ են առ այն, որ հակակոռուպցիոն պայքարի խորացումն ու ընդլայնումը որդեգրված համապետական անշեղ քաղաքականություն է, որտեղ իրավապահ մարմիններն ունեն ոչ երկրորդային դերակատարություն:
Անցած մեկ տարվա ընթացքում այս ուղղությամբ բավականին լուրջ քայլեր են ձեռնարկվել: 2017թ. ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, նախապես միջազգային ընկալումներին համահունչ մշակված նոր չափորոշիչների հիման վրա վերանայեցինք կոռուպցիոն հանցագործությունների ցանկը: Առավել կոնկրետացվեց դրանց շրջանակը՝ նախանշելով դրանց դեմ քրեաիրավական պայքարի ուղղվածությունը՝ միասնական և հստակ թիրախավորված համապատասխան քրեադատավարական մեխանիզմների, պատժողական քաղաքականության պայմանները: Կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում անցած տարվա համեմատ արձանագրել ենք շոշափելի աճ՝ գրեթե բոլոր բաղադրիչներով: Մասնավորապես, բերեմ մեկ տվյալ: 2017թ. առաջին 9 ամիսների կտրվածքով մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներով 87 գործ՝ 142 անձի վերաբերյալ: 2016թ. նույն ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան էր ուղարկվել ընդամենը 65 գործ՝ 128 անձի վերաբերյալ. աճը կազմել է 22 գործ, 14 անձ:
2017թ. դատարաններում քննված քրեական գործերից 54-ով 71 անձի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ, 2016թ.՝ 47 գործով 59 անձի վերաբերյալ: Այսինքն՝ նման գործերն ավելացել են 7-ով, դատապարտված անձանց թիը՝ 12-ով:
Էականորեն աճել են պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքերը: Պետք է հաշվի առնել, որ կոռուպցիոն հանցագործություններն ունեն պաշտոնական գրանցումից գաղտնի մնալու, այսինքն լատենտայնության բարձր մակարդակ և այս տեսանկյունից նման դեպքերի աճը միայն կամ հիմնականում պայմանավորված է իրավապահ մարմինների գործադրած հետևողական ջանքերով:
Տեսանելիորեն փոխվել է քրեական հետապնդման ենթարկվող սուբյեկտների կազմը, ինչի մասին են վկայում քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար և առևտրային կազմակերպությունների ղեկավար, ծառայողական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին մեր կողմից հրապարակված վերջին տվյալները:
Այստեղ ուզում եմ ուրախությամբ նշել, իմ կարծիքով մի կարևորագույն ձեռքբերման մասին: Հասարակության մոտ նկատելի է դառնում կոռուպցիոն հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողականության որոշակի դրական միտում: Ջարդվում են թվացյալ անխորտակելի կարծրատիպեր: Եթե նախկինում մարդիկ կատեգորիկ հրաժարվում էին կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման մեջ ներգրավվելուց՝ չցանկանալով օգնել իրավապահ մարմիններին, ապա ներկայումս ունենք դեպքեր, երբ քաղաքացիների և իրավապահ մարմինների միջև ծավալված ակտիվ և սերտ համագործակցության արդյունքում հաջողվել է ոչ միայն բացահայտել կոռուպցիոն դեպքեր և սխեմաներ, այլև փաստական տվյալներով հիմնավորել հանցավոր արարքներում անձանց մեղսակցությունը: Կարծում եմ՝ համագործակցության այս դրսևորումներն անհնարին կլինեին, եթե քաղաքացիները չվստահեին իրավապահ համակարգին և եթե գոնե բավարար տեղեկացվածություն չունենային օրենքով սահմանված կարգով կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն օժանդակելու դեպքում քրեական պատասխանատվությունից ազատվելու կարգի և պայմանների վերաբերյալ:
Թույլ տվեք ձեզ հետ կիսվել նաև իմ գնահատմամբ ևս մեկ առաջխաղացման մասին՝ խոսքս վերաբերում է մեր մինչդատական վարույթ իրականացնող մարմինների արհեստավարժության մակարդակի բարձրացմանը: Վերջին բացահայտումներն ու քննության արդյունքները հիմք են տալիս նշելու, որ գրագետ պլանավորված, գիտատեխնիկական ժամանակակից հնարավորությունների ճիշտ օգտագործմամբ օպերատիվ աշխատանքը, նախաքննության արդյունավետ տակտիկայի մշակումն ու իրացումը, քրեական հետապնդման մարմինների համագործակցված աշխատանքը կոնկրետ արդյունքներով, առնվազն, ոգևորություն է առաջացրել իրավապահ համակարգում՝ ամրապնդելով կոռուպցիայի նկատմամբ ցանկացած հարթությունում աներկբա անհանդուրժողականության արմատները:
Ինչևէ. օրենսդրական բարեփոխումներով ներդվել են ինստիտուցիոնալ նոր, կանխարգելիչ նշանակություն ունեցող մի քանի առանցքային լուծումներ: Մասնավորապես, քրեականացվել է ապօրինի հարստացումը, սահմանափակվել են գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից կանխիկ դրամով կատարվող գործարքները, ընդլայնվել են հայտարարագիր ներկայացնող անձանց և նրանց փոխկապակցված անձանց շրջանակները. դրանում ընդգրկվել են բոլոր դատախազները, ազգային անվտանգության մարմինների, հարկային, մաքսային ծառայությունների, Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության քննիչները: Ներդվել է ազդարարի ինստիտուտը, ինչպես նաև սահմանվել են ազդարարների անվտանգության հստակ իրավական երաշխիքները: Կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդումների անանունությունն ապահովելու նպատակով գործարկվում է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի արդյունավետության ապահովումը լինելու է նաև ՀՀ գլխավոր դատախազության գործառույթը:
Բայց այս ամենով հանդերձ՝ կարծում եմ՝ դեռևս շատ անելիքներ ունենք այս պայքարի արդյունավետությունն ամեն օր բարձրացնելու, սոցիալական արդարության իրավական ընկալման և, վերջապես, կոռուպցիան թշնամի գնահատելու համընդհանուր կարծրատիպեր ապահովելու ուղղությամբ: Եվ այս գործում բոլորս պետք է լինենք անկեղծ, հետևողական՝ մեր բոլոր ռեսուրսները ներդնելու պատրաստակամ: Այս համատեքստում, հարկ է անկեղծորեն շեշտել, որ դեռևս ունենք մեր ջանքերը համադրելու, կատարած աշխատանքը համակողմանի անաչառ գնահատելու և հանրային իրազեկվածությունը ճիշտ հունով զարգացնելու հետ կապված խնդիրներ, որոնց կապակցությամբ ուզում եմ կատարել մեկ-երկու շեշտադրում:
Նախ՝ ճիշտ չեմ համարում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության գնահատականը բացառապես պաշտոնյաների կալանավորման դեպքերի քանակով, դինամիկայով կամ պաշտոնի աստիճանով պայմանավորելը: Ասվածը բնավ կոռուպցիայում ներգրավվող պաշտոնյաներին անխուսափելի պատասխանատվությունից ձերբազատելու ուղերձ չի նշանակում: Պարզապես այս երևույթի դեմ պայքարը շատ ավելի լայն ու համակարգային մոտեցում է պահանջում: Պատժելուց բացի, իսկ միգուցե նաև առաջ, եթե կուզեք կանխարգելելու, իսկ արդեն կատարվածը բացահայտլեու և պատժելու համար պետք է կիրառել դրական օրինակները հանրային խրախուսանքի առարկա դարձնելու մեխանիզմներ: Խրախուսել բաց, թափանցիկ, հաշվետվողական գործունեության, պաշտոնատար անձանց կողմից իրենց գույքը, եկամուտներն ու ֆինանսական շարժերը հրապարակային դարձնելու դրսևորումները, անհրաժեշտության դեպքում պետք է սովորեցնել, կրթել, աշխարհայացք փոխել, խորացնել առկա բացասական կարծրատիպերը ջարդելու միտումները, քաջալերել կոռուպցիոն փաստերի տիրապետող քաղաքացիների՝ ազդարարման ինստիտուտից օգտվելու ներքին ցանկությունը և դրա համար որևէ տեսակի հետապնդումից, հալածանքից երաշխավորված լինելու ներքին համոզմունք ձևավորել:
Մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ ստվեր է նետվում կոռուպցիոն հանցագործությունները բացահայտող օղակների, մարմինների նկատմամբ՝ մտացածին, իսկ երբեմն բոլորիս համար հասկանալի նեղ անձնական կամ խմբակային շահեր սպաարկող, խեղաթյուրող նպատակներով: Հրաժարվում եմ հասկանալ այն շահագրգիռ հանրային, հատկապես մասնագիտական շրջանակներին, որոնք թեև տեսնում ու կիսաձայն խոստովանում են կոռուպցիայի դեմ համակարգային պայքարին ուղղված քայլերը կամ դրանցում նկատում են այդ պայքարի արդյունավետության բարձրացման նախադրյալներ, սակայն շարունակում են զարգացնել դրանց նկատմամբ անվստահություն սերմանող տրամադրությունները, առաջին պլան մղել բացառապես նեգատիվ երևույթները և դրանց շուրջ հանրային տրամադրություններ բորբոքել, ինչն ինքնին արդեն բավական է վնասելու համար իրականացվող նախաձեռնությունների նկատմամբ հանրային վստահության գոնե բավարար մակարդակի ձևավորումը: Ինչպե՞ս ենք ակնկալում հասարակությանը, քաղաքացուն դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի գործուն սուբյեկտ՝ ի սկզբանե թերահավատություն սերմանելով, ջարդելով նրա վստահության նախադրյալները: Ոչ ոք չի ժխտում, որ այս իմաստով առաջին հերթին իրավապահ մարմիններն անելիք ունեն՝ օրենքի առջև բոլորի հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրականացումն ամեն օր ապահովելու առումով: Բայց նաև պակաս կարևոր չէ հասարակության նախաձեռնող, ակտիվ շրջանակի ադեկվատ վերաբերմունքը: Այդ շրջանակների հետ փորձում ենք ստեղծել ակտիվ գործընկերային հարաբերություններ և նրանց հասու դարձնել մեր քայլերի, գործողությունների նպատակները:
Առաջնորդվում ենք այն ուղենիշային մոտեցմամբ, որ այդ համագործակցությունը չպետք է սահմանափակվի սոսկ տեղեկատվության փոխանակմամբ: Սա, կարծում եմ, ավելի շատ պետք է օգտագործել հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, մեր և հանրային սեկտորի միջև կոռուցողական երկխոսության ձևաչափեր ունենալու, համատեղ ուժերով հասարակության ճիշտ իրազեկվածություն ապահովելու և ներգրավվածության մակարդակը մեծացնելու ավելի գործուն մեխանիզմներ գտնելու նպատակով:
Թափանցիկ և գործընկերային հարաբերություններ կառուցելու մեր անկեղծ ցանկության վկայությունն է այսօր Միջազգային հակակոռուպցիոն օրվա առիթով ՀՀ գլխավոր դատախազության և Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, որով նախատեսված իսկապես առարկայական, արդյունքամետ միջոցառումները, մեր կարծիքով, թույլ կտան զգալի չափով հասնելու թիրախավորված վերոնշյալ նպատակների իրագործմանը:
Ուզում եմ հավաստիացնել, որ սա չի սահմանափակում քաղաքացիական հասարակության այլ շրջանակների հետ այլ ձևաչափերով համագործակցելու հնարավորությունները: Պատրաստ ենք կառուցողական քննադատության, մեր խնդիրների, թերությունների և ընդհանուր անելիքների շուրջ սրտացավ, շահագրգիռ քննարկումների, բաց, երկուստեք հանձնառու համագործակցության:
Շնորհակալություն ուշադրության համար: