Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարը դաստիարակության բաղադրիչ է. Դավիթ Սահակյան

Դեկտեմբեր 09,2017 16:42

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը մասնակցել է Միջազգային հակակոռուպցիոն օրվան՝ դեկտեմբեր 9-ին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված քննարկմանը, որին մասնակցել են քաղհասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԿԳ նախարարի տեղակալը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը զարգացման այլ ճանապարհ չունի, քան դառնալ ժողովրդավար պետություն՝ կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ անհանդուրժող վերաբերմուք ունեցող հասարակությամբ: Անդրադառնալով կրթության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներին՝ Դ. Սահակյանը նշել է, որ այստեղ առավել կարևոր է ոչ թե գիտելիքի, այլ դաստիարակության բաղադրիչը. «Բոլորը, այդ թվում նաև կոռուպցիային տուրք տվողները գիտեն, որ կոռուպցիան չարիք է, բայց եթե այդ իմացությունը մարդու վարքագծում որևէ փոփոխություն չի բերում, կնշանակի մենք գործ ունենք լայնածավալ և բազմավեկտոր պայքարի և անձի դաստիարակության հետ: Խնդիրն իրականում միայն օրենսդրական դաշտի կամ կրթական ծրագրերում որոշակի դասընթացներ մտցնելու մեջ չէ, խնդիրն առաջին հերթին դաստիրակության և մենթալիտետի փոփոխության մեջ է: Ընդունելով, որ կոռուպցիան անընդունելի է ցանկացած համակարգում, ուզում եմ ընդգծել, որ կոռուպցիոն դրսևորումներն ուղղակի անթույլատրելի են կրթության ոլորտում, որովհետև կրթության համակարգում՝ մանկապարտեզից մինչև բուհ, քաղաքացի է ձևավորվում:

Դաստիարակություն է ոչ միայն գիտելիքը, այլ նաև վատ օրինակը, որը նույնպես վարակիչ է: Մենք կարող ենք շատ լավ առարկաներ ներմուծել կրթական ծրագրերում, դրա մասին խոսել ու գեղեցիկ բաներ պատմել, բայց եթե դպրոցում սովորելու 12 տարիների ընթացքում երեխան ընդամենը մեկ անգամ տեսնի հովանավորչության կամ մեկ այլ կոռուպցիոն դրսևորման տարբերակ, ապա միանշանակ այդ երեխայի վրա դա կունենա դաստիարակչական լուրջ ազդեցություն»,- նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ կրթության և գիտության նախարարության գերխնդիրը կրթության որակի բարելավումն է, սակայն այս գործընթացում հակակոռուպցիոն պայքարը հիգիենիկ ֆիլտր է, առանց որի կրթության որակի բարելավումը նույնպես վտանգված է:

«Կոռուպցիայի բացառումն ինքնին չի նշանակում կրթության որակի ինքնաբերաբար բարելավում, ուստի կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի և գործողությունների մշակման ժամանակ պետք է հաշվի առնել, որ հակակոռուպցիոն պայքարը ինքնանպատակ չէ, այն պետք է ծառայի կրթության որակին»,- նշել է Դ. Սահակյանը: Քննարկման ընթացքում ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին կից անկախ փորձագիտական հանձնախմբի անդամ Մարատ Ատովմյանը ներկայացրել է կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները: Քննարկմանը մասնակից քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում հարցեր են ուղղել ԿԳ նախարարի տեղակալին:

ՀՀ ԿԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031