Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Անի թաղամասում գտնվող «Սթար» գիշերային ակումբը (այն նախկինում կոչվել է «Աուրա», գտնվում է Հակոբ Մծբնեցի եկեղեցու դիմաց․ ընդամենը մի փողոց է բաժանում) օրերս պարուհիներից մեկին պարի հրավիրելու պատճառով ծեծկռտուք էր տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև։ Ծեծկռտուքն ավարտվել էր 23-ամյա գյումրեցի երիտասարդի գլխին գարեջրի դատարկ շիշ կոտրելով։ Նրան գլխի հատվածում ստացած ծանր վնասվածքներով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Այս դեպքի հետ կապված գյումրեցի 21-ամյա մի երիտասարդ կալանավորել էր, երեք երիտասարդներ՝ ձերբակալվել։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից տեղեկացանք, որ կալանավորվել են նաև այդ 3 երիտասարդները։ «Իմ ցուցումով քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նշված խուլիգանությանը մասնակից երեք անձանց նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ։ Դատարանը բավարարել է, բացի այդ գրություն եմ նախապատրաստել պատկան մարմիններին նշված գիշերային ակումբի գործունեությունը կասեցնելու մասին, քանի որ վիճակագրությունը ցույց է տվել, որ նախկինում ևս տվյալ հաստատությունում կատարվել են որոշակի ենթադրյալ հանցագործություններ»,-Aravot.am-ին փոխանցեց դատախազը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ ինչու չեն կալանում ընկերոջդ՝ՇՊՀ ռեկտորին գործած հանցանքների համար?