Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վայոց ձորում զարգանում են գինեգործությունն ու անասնապահությունը. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել  է մարզ

Դեկտեմբեր 09,2017 16:06

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ: Նախարարին ուղեկցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի գինեգործության և խաղողագործության հիմնադրամի ղեկավար Զարուհի Մուրադյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այցը մեկնարկել է «Արենի 1» քարանձավ  այցելությամբ,  որից հետո նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է մարզկենտրոն Եղեգնաձոր, այցելել «Գոլդեն Գոութ» կաթի վերամշակման գործարան և չրարտադրությամբ զբաղվող «Ալ Վկուս» ընկերություն:

«Գոլդեն Գոութ» ընկերությունը  գործում է 2009 թվականից, հիմնականում զբաղվում են այծի պանրի արտադրությամբ: Ընկերության տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի խոսքով` արտադրության ծավալներն  այստեղ տարեցտարի աճում են: Սկսել են  45 տոննայից,  այնուհետև տարեկան շուրջ 10-15 տոկոս աճ են ապահովել,  2017 թվականին արդեն 137 տոննա պանիր են արտադրել, որից 48-ը` այծի:

Այծի պանրի 90 տոկոսն արտահանվում է ՌԴ, մնացածը ներքին շուկայում է իրացվում: Խաչիկ Մարտիրոսյանը նշում է, որ պատրաստ են ավելացնել արտադրության ծավալները,  եթե հումքն ավելի շատ լինի: Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի անասնապահության և անասնաբուծության բաժնի          խորհրդատու Նարինե Բաբայանի տեղեկացմամբ` այծաբուծությունը Հայաստանում, մասնավորապես, Վայոց ձորի մարզում զարգացման շատ մեծ հեռանկարներ ունի, ինքնաբավ և շահութաբեր ճյուղ է:

«Ալ Վկուս» ընկերությունը չոր մրգի արտադրությամբ սկսել է զբաղվել 2016 թվականից, մթերում են տանձ, խնձոր, ծիրան, արքայանարինջ, բալ, դեղձ, խոտաբույսերի որոշակի տեսակներ Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերից, նաև Արցախից, արտադրանքը դարձյալ  ուղևորվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն: Ընկերության գործադիր տնօրեն Խաժակ Օհանյանի հավաստմամբ` իրացման խնդիր չունեն, նախատեսում են առաջիկայում ավելացնել արտադրական հզորությունները: Այս պահի դրությամբ մթերել են շուրջ 300 տոննա պտուղ,  շուրջ 50-100 տոննա արքայանարինջ էլ  դեռ կմթերեն:

Նախարարի հաջորդ կանգառը Գնդեվազ համայնքի «Էկոֆարմ» անասնապահական համալիրում էր:  Այստեղ անասնապահական աշխատանքների մոտ 80 տոկոսն ավտոմատացված է,  շուրջ 300 գլուխ կենդանի ունեն, ներկայացված են երեք ցեղատեսակներ` կաթնատու հոլշտենը, կաթնամսատու սիմենթալը և մսատու անգուսը, երինջների մի մասը ներկրվել է 2013 թվականին Գերմանիայից: Տնօրեն Արկադի Մկրտչյանը նշում է, որ  հաջորդ տարի նախատեսում են ներմուծել ևս 66-70 գլուխ երինջ: Արտադրվող կաթն իրացվում է տեղական շուկայում, առկա է անասնակերի արտադրության բազա, կովերի միջին օրական կաթնատվությունը կազմում է 20 լիտր, կաթի յուղայնությունը 4,3 տոկոս է, գնորդները  որակից գոհ են, կաթը մթերվում է 220-240 դրամով:  2018 թվականին նախատեսում են կառուցել  նաև հորթանոց և ծնարան:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է նաև Զառիթափում վերջերս շահագործման հանձնված սպանդանանոց: Այստեղ կենդանիների մորթն իրականացվում է իսլամական «հալալ» կանոններով, իրանական կողմի հետ արդեն երկու պայմանագիր  կնքել են:

Այցի ավարտին Իգնատի Առաքելյանը եղել է Աղավնաձորի «Տրինիտի Կանյոն այգիներ»-ում: Նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: «Տրինիտին» առաջին ընկերություններից է, որն արտադրում է գինի օրգանական խաղողից, այս պահին գտնվում են օրգանական սերտիֆիկացման վերջին փուլում:

Գինեգործ Արտեմ Պարսեղյանը նշում է, որ փորձում են յուրահատուկ գինիներ ստանալ` համադրելով տեղական և ներմուծված  խաղողի տեսակները, որոշ գինիներ խմորվում  են հին կարասներում, հնարավորինս բնական ձևով, որոնցում գինին երկար ժամանակ մնում է քաղցուի վրա` ստանալով յուրահատուկ տտիպություն և առավել վառ արտահայտված բույր: Ընկերության արտադրանքի մոտ 60-70 տոկոսը արտահանվում է Եվրոպա, ԱՄՆ, ինչպես նաև իրացվում է տեղական շուկայում:

«Վայոց ձորի համար միանշանակ գերակա ուղղություն է հանդիսանում գինեգործությունը, մենք ունենք խաղողի էնդեմիկ սորտեր, որոնք աշխարհում չեն կրկնվում, իսկ անասնապահությունը խորհրդային ժամանակներից եղել է երկրի գյուղատնտեսության հիմնական ուղղություններից մեկը, և մենք պետք է մտածենք այն վերականգնելու և առավելագույն ծավալներ ապահովելու համար, քանի որ ունենք մեծ պահանջարկ ինչպես  հարևան երկրներում, այնպես էլ ներքին շուկայում»,- ամփոփելով այցի արդյունքները` նշել  է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նաև նշել է, որ անասնապահության ոլորտում օրինակելի տնտեսություն է  Գնդեվազի անասնապահական համալիրը և  նման ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով ծրագրեր կմշակվեն լիզինգային պայմաններով սարքավորումների տրամադրման և ապառիկ կարգով անասնագլխաքանակի ձեռքբերման համար` կատարված ներդրումներից առավելագույն արդյունք ապահովելու նպատակով: Քննարկումների փուլում է նաև «Տոհմային երինջների ձեռքբերման» պետական աջակցության ծրագիրը, որը նույնպես նպատակաուղղված  է անասնաբուծության ոլորտի զարգացմանը:

Նախարարը կարևորել է նաև սպանդանոցների գործունեությունը` որակի վերահսկողության, բնակչությանն անվտանգ սննդամթերքով մատակարարելու և արտահանման խթանման տեսանկյունից:

Անդրադառնալով մարզում այծաբուծության ճյուղի զարգացմանն ու ընդլայնման հնարավորություններին` նախարար Առաքելյանը  հավելել է, որ նախարարությունը ներդրողների հետ համատեղ  ծրագրեր կմշակի տեղում տոհմային այծաբուծական տնտեսություն հիմնելու համար, որը  կներմուծի և կարտադրի տոհմային կենդանիներ:

Մարզպետ Հարություն Սարգսյանի խոսքով` նախորդ տարվա համեմատ 2017 թվականին մարզում խաղողի արտադրության աճ է արձանագրվել, մթերման հետ կապված խնդիրներ չեն եղել, գինը 250-400 դրամ է կազմել, ավելացել են պտղի և խաղողի այգետարածքները: Մարզպետը հավելել է, որ Վայոց ձորն ունի անասնապահության զարգացման համար մեծ պոտենցիալ և հնարավորություններ` հույս հայտնելով, որ կառավարության կողմից տրվող ցածր տոկոսադրույքով նպատակային վարկերը կնպաստեն նաև անասնագլխաքանակի ավելացմանը: Նրա խոսքով` մարզի ֆերմերներն արդեն  40 մլն դրամի վարկեր են ստացել:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031