Անցնող շաբաթ ավարտվեց ՀՅԴ Երևանի Քաղաքային 22-րդ Ժողովը։ Երևանը ներկայացնող շուրջ 100 մասնակիցներ քննեցին ՔԿ-ի նախորդ երկամյա գործունեությունը:
Ժողովը միաժամանակ հաստատեց իր հանձնառությունն ու պատասխանատվությունը ՀՅԴ նկատմամբ երևանցիների վստահությունն ամրացնելու, զարգացող Երևանի, պաշտպանված երևանցու համար լրացուցիչ ջանքեր գործադրելու ուղղությամբ։
ՀՅԴ Երևանի կառույցը լիարժեք օգտագործելու է իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները տեսանելի ներդրում ունենալու Երևան քաղաքի և երևանցիների համար կենսական խնդիրների բարձրացման ու լուծման, մայրաքաղաքում սոցիալական արդարության և հանրային համախոհության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ։
Երևանի խնդիրների շուրջ տեսակետների բյուրեղացման և համախոհների շրջանակը ընդլայնելու նպատակով ՔԿ-ն նախաձեռնելու է հասարակակական-քաղաքական խորհրդակցությունների, կլոր սեղանների շարք՝ համագործակցության եզրեր գտնելու մայրաքաղաքի խնդիրներով մտահոգ ՀԿ-ների և հասարակական-քաղաքական, քաղաքացիական ուժերի հետ։ Ճշտված առաջնահերթությունների և համաքաղաքային հնչեղություն ունեցող խնդիրների շուրջ ՔԿ-ն հնարավոր գործակցության ձևաչափեր է որդեգրելու նաև Երևանի քաղաքապետարանի հետ։
Քաղաքային ժողովն իր ավարտին ընտրեց 9 հոգուց կազմված նոր Քաղաքային կոմիտե: ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Խաչատուր Ստեփանյանը։
ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտե