Այսօր կայացավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության եւ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցանակներ հանձնվեցին «Տարվա երիտասարդներ», «Տարվա ԶԼՄ», «Տարվա բիզնես կազմակերպություն», եւ «Տարվա ՔՀԿ» անվանակարգերում: «Տարվա ԶԼՄ» անվանակարգում այս տարի մրցանակը շնորհվեց «Ազատություն» ռադիոկայանին:
Արդյունավետ համագործակցության համար շնորհակալագրեր ստացան նաեւ ՀՀ արդարադատության եւ էկոնոմիկայի նախարարությունները, ՀՀ կառավարության աշխատակազմը եւ Հայաստանում Չեխիայի հանրապետության դեսպանը:
ՀՀ գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նաեւ համագործակցության համաձայնագիր կնքեցին:
Մինչ մրցանակաբաշխությունը, համաժամանակյա պանելային քննարկումներում անդրադարձեր եղան Հայաստանի 2015-2018 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությանը: Առանձնացվել են չորս թիրախային ոլորտներ`առողջապահություն, կրթություն, ոստիկանություն եւ ՊԵԿ: «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Զադոյանն իր խոսքում ասաց, որ քննարկումների ժամանակ հնչած առաջարկները կքննարկվեն կառավարության հետ:
Նա գնահատում է կառավարություն եւ ՔՀԿ-ների վերջին երկու տարիների`կոռուպցիայի դեմ ուղղված պայքարի համատեղ ջանքերը: Ասում է`դրանք կանխարգելիչ դեր ունեն թե՛ վարչական, թե՛ քաղաքական կոռուպցիայի հաղթահարման համար: «Արդեն ժամանակն է եկել, որպեսզի հանրությունը նաեւ իրական արդյունքներ տեսնի`պատժի անխուսափելիության առումով»,- ասաց Կարեն Զադոյանը`այս առումով կարեւորելով գլխավոր դատախազության հետ ստորագրված համաձայնագիրը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ