ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը տեղյակ չէ, թե ի՞նչ հանցագործություններ է կատարել, օրերս պաշտոնանկ արված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը, ուստի չի կարող պատասխանել հարցին`թե ինչո՞ւ նրան չեն պատժում: Այսօր լրագրողները նախարարից հետաքրքրվեցին`մամուլը քանիցս գրել է այն կոռուպցիոն եւ սկանդալային պատմությունների մասին, որոնց մասնակից է եղել Հայկազ Բաղմանյանը`վերջինս կպատժվի՞ դրանց համար, թե պաշտոնանկությամբ պետք է սահմանափակվել: Առհասարակ, նախարարը հորդորում է` եթե որեւէ անձ վերաբերյալ հստակ տեղեկություններ կան`դիմել պատկան մարմիններին:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ խորհրդարանական ընտրություններից հետո ի հայտ եկած «ՍԱՍ» ընկերության հայտնի ձայնագրությունից, որում աշխատակիցներին հորդորում-պարտադրում էին ձայն տալ ՀՀԿ-ի եւ Արտակ Սարգսյանի օգտին: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաստատել էր, որ ձայնագրության մեջ խոսող անձը եղել է «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի եղբայրը: Իշխող ՀՀԿ-ում ի՞նչ քննարկումներ են եղել, ինչպե՞ս են վերաբերվում այս ամենին`հարցրեցին նախարարին: «Դրանք կարող են լինել ամենաթեժ քննարկումները, ես դրանք չեմ հրապարակելու, քանի որ ներկուսակցական են: Բայց դուք կարող եք եզրահանգման գալ, թե ինչպիսի՞ արձագանք է եղել ՀՀԿ-ում, եթե անմիջապես մենք ձեռնամուխ ենք եղել այդ արարքը քրեականացնելուն»,- պատասխանեց Դավիթ Հարությունյանը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ