Իսրայելապաղեստինյան հակամարտության հետեւանքով Երուսաղեմի հայ համայնքն ու հայկական մշակութային ժառանգությունը մշտապես վտանգված են եղել, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, որով վերջինս Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք, վտանգն առավել ակնառու է դառնում: Այս մասին այսօր «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց կրոնագետ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը:
«Հայ եկեղեցին ավելի շատ իրավունքներ ունի, քան կաթոլիկ եկեղեցին: Ի վերջո. հայ եկեղեցուն են պատկանում պատմական տարածքներ, ինչը վիճարկում է Ադրբեջանը: Այն, որ հայ եկեղեցուն հողի, ջրի եւ այլ ծախսերի պահանջներ են ներկայացված, դա ներքին ճնշման հետեւանք է: Չի կարելի թույլ տալ, որ Երուսաղեմում մեր դիրքերը թուլանան»-համոզմունք հայտնեց Վարդան Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը վերահսկվում է ոչ այնպես, ինչպես, օրինակ, Պոլսի հայոց պատրիարքարանը, բայց կրոնական գործոնը, միեւնույնն է, բացառիկ դեր է խաղում. «Ոչ միայն Հայաստանը, այլեւ համայն հայությունը պետք է ցույց տա, որ այնտեղ անտեր բան չունենք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ