Լրահոս
Օրվա լրահոսը

«Երուսաղեմի հայկական համայնքն ու ժառանգությունն անվտանգ պահելու խնդիր կա». Կարեն Վերանյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 09,2017 15:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որով վերջինս Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք, փաստում է, թե իսրայելապաղեստինյան հակամարտության համատեքստում որ կողմն է առավել շահավետ դիրքերում. այս առումով Իսրայելն արտաքին քաղաքականության հաջողություն գրանցեց: «Նոյյան տապան» լրատվական գործակալությունում  լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տեսակետ հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի վերլուծաբան Կարեն Վերանյանը:

Նրա դիտարկմամբ՝ Թրամփի հայտարարությունը բխում է Իսրայելի շահերից, որը վարում էր Երուսաղեմը որպես իրենն ամրագրելու քաղաքականություն: Ըստ փորձագետի՝ նման քայլով ԱՄՆ-ն որոշակիորեն իրեն մեկուսացրեց միջազգային հանրությունից. «Չեմ կարծում, որ Թրամփի քայլը ԱՄՆ դիվանագիտության համար հաղթանակ է: Այս դեպքում ավելի շատ գործ ունենք Թրամփի միանձնյա որոշման հետ»:

Կարեն Վերանյանի խոսքով՝ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ռազմական բախումները ակտիվ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ն չի հնչեցրել հավասարակշռված քաղաքական-իրավական գնահատական եւ չի փորձել հանդարտեցնել իրավիճակը:

«Ուշադիր պետք է լինենք Երուսաղեմի հայ համայնքի եւ հայկական մշակութային ժառանգության հանդեպ: Իսրայելի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է որդեգրի ճկուն եւ զգուշավոր դիվանագիտություն՝ հայկական համայնքի անվտանգությունն ապահովելու նպատակով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031