Ճանապարհային ոստիկանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նաեւ պայմանավորված են ցածր աշխատավարձով: Այսօր նման կարծիք հնչեց ոստիկանության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրի քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցներից մեկն էլ հետաքրքրվեց`ոստիկանությունում ուսումնասիրո՞ւմ են ճանապարհային խախտումների հիման վրա հարուցված դատական գործերը, ինչո՞ւ պետք է ոստիկանության սխալի պատճառով համակարգը դատական ծախսեր իրականացնի. «Աշտարակի ճանապարհին իմ մեքենան մեկ շաբաթ առաջ ակտավորեցին: Ոստիկանը, միանգամից ակտը և արձանագրությունը գրած, ինձ մոտեցավ: Այդ մարդիկ վարչարարությանը ծանոթ չեն, չգիտեն, որ արձանագրությունը քննարկել է պետք, հետո ակտը գրել: Ինչո՞ւ են էլ ինձ արձանագրությունը բերում, երբ ակտը արդեն գրված է»: Նա նաեւ հետաքրքրվեց, թե հարցրեց ինչպե՞ս են ընտրվում կադրերը, նրանք համապատասխան ուսուցում անցնո՞ւմ են:
Քննարկմանը մասնակցող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, արձագանքելով վերոնշյալ հարցերին, ասաց, որ կադրային «սովը» բոլոր բնագավառներում է: Ըստ նրա, ոստիկանությունում այդ խնդիրն ակնհայտ դարձավ վերջին 5 տարիներին: «Մենք կարողացանք արմատական քայլ իրականացնել. տարիներ առաջ կրթահամալիրի ուսանողները ստանում էին 5000 դրամ: Պատկերացնում եք՝ մարդը երեք տարի աշխատած, սովորում է, ունի ընտանիք, ստանում է 5000 դրամ: Հիմա նրանք ստանում են նվազագույն աշխատավարձ, ինչն, իհարկե, ծանր նստեց մեր ֆինանսական ռեսուրսների վրա: Ոստիկաններն այլմոլորակային չեն, նրանք ձեր բարեկամներն են, ձեր ընկերներն են, ձեր եղբայրներն են, սա մեր հասարակության արտացոլումն է: Համաձայն եմ, որ վարչարարությունը փայլուն չի իրականացվում, բայց ինչ խոսք, այդ ուղղությամբ աշխատանք տարվում է»:
Քննարկման մասնակիցներից մեկն էլ դրվատանքի խոսքեր հնչեցրեց ոստիկանության հասցեին. «Դեռևս տարիներ առաջ ոստիկանությունը մեծ մասի մոտ ընկալվում էր որպես կույրաղիք, հիմա վստահության մթնոլորտ է ձևավորվել: Եթե առաջ ոստիկանությունը ընկալվում էր որպես ոչ իր լավը ցանկացող, հիմա ընկալում է որպես պաշտպան, աջակից: Բացասական կողմերը թվարկելուն զուգահեռ պետք է նաև դրական կողմերի մասին խոսենք: Փոխվստահության մակարդակը գնալով ավելի է մեծանում»: ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն արձագանքեց. «50-60 տարի հետո ավելի լավ ոստիկանություն կունենանք: Եթե ժամանակին չբարձրաձայնեինք խնդիրները, այսօրվա բարեփոխումը չէինք ունենա, այսօր չասենք՝ վաղվա բարեփոխումը չենք ունենա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ