Ներկայացնում ենք ՀՀ ԱԺ Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանի հետ հարցազրույցից հատված:
– Ինչպե՞ս պետք է ապրի միջին վիճակագրական քաղաքացին, որի ո՛չ աշխատավարձն է բարձրանում, ո՛չ թոշակը, բայց փոխարենը թանկացումների ալիք է բարձրանում։
-Շատ վատ է, ես հետեւում եմ հրապարակումներին, բայց, ճիշտն ասած, խանութ չեմ հաճախում, չգիտեմ ինչ թանկացումներ են, բայց եթե մամուլը գրում է, ուրեմն այդպես է։ Կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ մեկնաբանություններ՝ այդ թանկացումների հետ կապված, բայց կարծում եմ, որ կառավարությունն ինչ-որ քայլեր պետք է ձեռնարկի, զսպի թանկացումների բումը։ Միշտ էլ Նոր տարվա նախաշեմին թանկացումներ լինում են, բայց չափը չեմ կարող ասել՝ ա՞յս տարի է ավելի շատ, թե՞ նախորդ։ Կառավարությունը, Շաբոյանի կազմակերպությունը պետք է միջամտեն, մենաշնորհների, գերիշխող դիրքի հետ կապված խնդիրներ կան, անպայման պետք է միջամտել, որպեսզի զսպեն գնաճը։
– Դատելով ՀՀԿ-ական իշխանավորների հայտնած մտքերից, որ թանկացումներն աղքատ խավին չեն հարվածում, քանի որ աղքատը գնում է էժան ապրանքներ եւ ուտում է կարտոֆիլ, իսկ թանկանում են միսը, կարագը եւ այլ թանկ մթերքներ, կառավարությունը միջամտություն կցուցաբերի՞։
-Դե, նայած ինչ արտադրատեսակն է թանկացել։ Դուք երեւի Հակոբյանի հայտարարությունը նկատի ունեք։
– Ոչ միայն, նաեւ Խոսրով Հարությունյանը՝ տնտեսական հանձնաժողովի նախագահը, մոտավորապես ասում է, թե նրանք, ովքեր հիմնականում կարտոֆիլ են ուտում, թող չնեղվեն այս թանկացումներից, դա իրենց չի վերաբերում։
-Դե, իհարկե, ես չեմ կիսում այդ տեսակետները։ Իշխող ուժը պետք է միջոցներ ձեռք առնի, որ էդ մարդիկ մենակ կարտոֆիլ չուտեն։ Ես համոզված եմ, որ իրենք ուրիշ բան նկատի ունենալով են երեւի դա ասել, դա չեն ասել այնպես, ինչպես մեկնաբանություններն են մամուլում։ Աղքատներին վիրավորելու բացարձակ խնդիր ես չեմ տեսնում։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում