Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այստեղ է ազգային անվտանգության սպառնալիքը. «Ժամանակ»

Դեկտեմբեր 09,2017 10:56

Այսպիսով, կա՛մ Սերժ Սարգսյանն է չափազանցրել կոռուպցիայի աստիճանը, թեև այստեղ դա, իհարկե, ոչ միայն Սարգսյանի գնահատականն է, այլ նրանից նույնիսկ տարիներ առաջ հանրությունն է այդպես գնահատել այդ երևույթը, կա՛մ իրականությանը մոտ է այն, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ չեն պայքարում այնպես, ինչպես ազգային անվտանգության սպառնալիքի դեմ:

Մյուս կողմից, սակայն, խոսել այդ մասին՝ նշանակում է ոչինչ չասել: Որովհետև ոչ միայն հասկանալի է, որ չկա համարժեք պայքար, այլ հասկանալի է նաև, թե ինչու չկա այդ պայքարը: Որովհետև կոռուպցիան Հայաստանում պարզապես երևույթ չէ, այլ առանցք, որի վրա կառուցված է իշխանական ամբողջ համակարգը՝ իշխանության ձևավորումից սկսած: Եվ այստեղ պարզ թվացող տրամաբանությունը հանգում է փակուղու: Մի կողմից ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն անխուսափելի պետք է ենթադրի իշխանափոխություն, և ուրեմն կոռուպցիայի դեմ պայքար Հայաստանում չի կարող լինել, կարող է լինել պայքար իշխանափոխության համար, իսկ մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Հայաստանում այդ պայքարը կամ այդ կարգախոսներով պայքարը վաղուց մտել է փակուղի:

Եվ ուրեմն՝ ինչ անել այդ փակուղուց դուրս գալու համար: Ընդ որում՝ ակնհայտ է, որ իշխանությունն այդ առումով ունի հարցերի ավելի շատ պատասխաններ, քան հանրությունը: Իշխանությունը պատասխանը գտել է կոռուպցիայի աստիճանական լեգիտիմացման տարբերակում, երբ ընդունվում են օրենքներ, որոնք գիծ են քաշում անցյալի ու ներկայի միջև, այդպիսով, այսպես ասած, օրինականացնելով կոռուպցիոն միջոցներով ձևավորվող ապագան: Եվ այստեղ, իհարկե, առկա է մյուս խնդիրը, որն առայժմ այդքան էլ տեսանելի չէ, սակայն տեսանելի ապագայում զգացնել է տալու իրեն:

Բանն այն է, որ քաշված գծից հետո իշխանությունը կամ իշխող համակարգը ստանալու է հանրության նկատմամբ, այսպես ասած, օրինական առավելություն, այսինքն՝ կոռուպցիայով կուտակված, բայց օրինականացված մրցակցային առավելություն, երբ հանրությունը պետության իշխանություն լինելու դե ֆակտո շանսից կզրկվի արդեն դե յուրե ամրագրումներով: Եվ այս խնդիրը հայկական հանրության և պետականության համար համակարգային իմաստով շատ ավելի խորը և հիմնարար խնդիր է՝ առավել բարդ հետևանքներով, քան ներկայումս կոռուպցիայի դեմ պարզ պայքարի խնդիրը: Եվ ազգային անվտանգության սպառնալիքն ավելի շատ հենց այստեղ է, որտեղից գուցե նույնիսկ շեղում են այն՝ բերելով ավելի պարզ տիրույթ:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031