Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգում ենք Հայաստանին՝ քրիստոնյաներին ապաստան տալու համար. ԱՄՆ-ի կոնգրեսական (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Դեկտեմբեր 09,2017 10:44

«Ամերիկայի ձայն»

«Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը կառուցել են այս երկիրը, հիմնվելով առաջին հերթին Աստվածաշնչի արժեքների վրա, եւ այսօր ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի պաշտպանելու քրիստոնյաներին»,-հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար կոնգրեսական Էդ Ռոյսը: Նա մասնավորապես նշել է. «Այսօր, երբ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վրա հարձակվում են, նրանց դուրս են հանում տներից, խոշտանգում, բռնաբարում, սպանում հավատքի համար, մենք պարտավոր ենք դադարեցնել այդ ամենը»:

Ելույթ ունենալով Վաշինգտոնում անցած Կրոնական ազատության միջազգային համաժողովում, ԱՄՆ-ի ազդեցիկ կոնգրեսականն ընդգծել է, որ այսօր Միացյալ Նահանգներն աշխարհի պատմության մեջ հզորագույն պետությունն է, ինչը հատուկ պատասխանատվություն է նախատեսում.

«Հաշվի առնելով մեր ամբողջ դիվանագիտական թափը, մեր ամբողջ հզորությունը, եթե մեզ չհաջողվի վերջ դնել քրիստոնյաների հալածանքներին, ուրեմն մենք բավարար չենք ջանում»:

Էդ Ռոյսը նշեց, որ վերջին շրջանում այցելել է Իրաքում քրիստոնեական եկեղեցիներ, հանդիպել տեղի քրիստոնյա բնակչության հետ, ինչպես նաեւ՝ Հայաստանում հանդիպել է Մերձավոր Արեւելքից գաղթած քրիստոնյաներին.

«Պատճառներից մեկը, որ մենք աջակցում ենք ու շարունակելու ենք աջակցել Հայաստանին այն է, որ Հայաստանն ապաստան է տվել բազմաթիվ քրիստոնյա փախստականների»:

«Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում Էդ Ռոյսը նշեց, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Նինվեի հովտում պայմաններ ստեղծել, որպեսզի Իրաքի քրիստոնյա բնակչությունը վերադառնա հայրենի հող, սակայն այս պահին Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաներից շատերը դեռեւս ապաստանի կարիքն ունեն.

«Մենք խորը հարգանք ենք տածում եւ բարձր ենք գնահատում Հայաստանի դերը քրիստոնեությունը պաշտպանելու եւ քրիստոնյաներին ապաստան տալու գործում»:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ եւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ փորձում են Հայաստանի համար հավելյալ ամերիկյան օգնություն ապահովել, որն այնուհետեւ կտրամադրվի Հայաստանում ապաստան գտած Իրաքի եւ Սիրիայի հայերին:

Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031