Աղքատության մասին սկանդալային հայտարարություններով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, պարզվում է, բավական լուրջ ունեցվածքի տեր են: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որ հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միեւնույն է, գումար չունի՝ միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել», միայն պաշտոնական հայտարարագրում նշել է երկու բնակարան, մեկ ամառանոց, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հողամաս, MERCEDES-BENZ S 420 մակնիշի ավտոմեքենա:
Մեր տեղեկություններով՝ Հարությունյանի հայտարարագրած բնակարաններից մեկը Հյուսիսային պողոտայում է, ինչպես նաեւ ավտոկայանատեղին: Բացի այդ՝ աղքատներին կարտոֆիլ ուտելու մասին խորհուրդներ տվող պատգամավորը տուն ունի Բուլղարիայի նավահանգստային քաղաք Վառնայում: Տեղեկացանք, որ նրա դրամական միջոցը կազմել է 40 հազար դոլար: Բավական հարուստ է նաեւ նրա որդին` Ռոբերտ Հարությունյանը, ով արտաքին գործերի փոխնախարար է: Նա ունի շենք, շինություններ, երկու հողամաս, երկու բնակարան, VOLKSWAGEN TOUAREG 3.2 եւ NISSAN X-TRAIL 2.5 I մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարար որդին երեք ընկերություններում ունի 5 մլն 605 հազար դրամի բաժնեմաս:
Կրտսեր Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ եւ 200 հազար դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 343 հազար դրամ եւ մեկ ընկերությունից ստացած 9 մլն 408 հազար դրամի չափով շահաբաժինը: ԱԳՆ-ում են աշխատում նաեւ Հարությունյանի դուստրն ու փեսան՝ իրենց հերթին հասցնելով կուտակել մեծ միջոցներ: Փեսան՝ Արմեն Պապիկյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար է, ավելի վաղ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր. նա էլ հայտարարագրել է 26 հազար եվրո եւ 162 մլն դրամ: Իսկ Խ.Հարությունյանի դուստրը՝ Էլենը, հայտարարագրել է 172 մլն դրամ եւ 5 հազար եվրո»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում