Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այսօր թիվ 1 խնդիրը տեղեկատվական մեկ միասնական համակարգ ունենալն է

Դեկտեմբեր 09,2017 14:30

Մեզ հետ զրույցում ասում է աշխատանքի
եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը

Շուտով հանրապետության բոլոր մարզերում սոցիալական ծառայությունները քաղաքացիներին կմատուցվեն նոր շենքերում, նորագույն տեխնիկական կահավորմամբ ու բոլորովին նոր մոտեցումներով: Քաղաքացիների դիմումներին կցուցաբերվի համակարգային մոտեցում. անկախ դիմումում նշված պահանջից` անձը կստանա ինտեգրված սոցիալական ծառայություններ՝ գնահատված կարիքներին համապատասխան:
Սոցիալական պաշտպանության ոլորտում պետության որդեգրած այս նոր մոտեցումը, ոլորտի պատասխանատուների պնդմամբ՝ հինը նորագույն լուծումներով փոխարինելու ժամանակի հրամայական է:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր գործունեությամբ մտել է նոր շրջափուլ դեռեւս 2012-ից՝ համաձայն ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագրի։

Նշված համակարգը ծառայությունների մատուցման նոր մոտեցում է, որը ենթադրում է ինտեգրում շենքային պայմանների մակարդակում, ծառայությունների համալիր տրամադրում մեկ տանիքի տակ։ Այն ենթադրում է նաեւ տեղեկատվական ինտեգրում՝ միասնական տեղեկատվական համակարգի ձեւավորում։

Այդ փոփոխությունների արդյունքում քաղաքացին ցանկացած սոցիալական խնդրով դիմում է մեկ վայր, եւ միասնական տեղեկատվական համակարգի օգնությամբ մեկ պատուհանից կազմակերպվում է ծառայությունների մատուցումը քաղաքացուն։ Նախարարությունը հաջողությամբ այս ամենն իրականացրել է դեռեւս 19 նորաբաց կենտրոններում, դրանք մարզերում են եւ Երեւանի մի քանի վարչական շրջաններում: Առաջիկա տարիներին այդ կենտրոնների թիվը նախատեսվում է հասցնել 56-ի։

Թե ինչ փուլում է տեղեկատվական միասնական բազայի ստեղծումը՝ փորձեցինք պարզաբանում ստանալ ոլորտի պատասխանատուներից: Մեզ հետ զրույցում աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը տեղեկատվական ինտեգրման գործընթացն ամենապարզ ընկալման համար այսպես բացատրեց. «Տեղեկատվական ինտեգրում նշանակում է ձեւավորել մեկ միասնական տեղեկատվական համակարգ, որը կլինի կառավարելի, արդյունավետ եւ օպերատիվ աշխատող համակարգ: Չէ՞ որ ինտեգրված սոցիալական ծաայություններ մատուցելու համար խիստ կարեւոր է ունենալ շահառուի վերաբերյալ ամբողջական, ակտուալ եւ հավաստի տեղեկատվություն՝ համապատասխան որոշումներ ընդունելու համար:
Մի պահ պատկերացնենք` շահառուն ինչ-ինչ պահանջով դիմում է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն. եթե ես չունեմ նրա անձի ու ընտանիքի առանձին անդամների, սոցիալական կարգավիճակի վերաբերյալ ամբողջական, հավաստի, ակտուալ, այսինքն` ամենավերջին թարմ տեղեկատվությունը, ապա անհնար է գնահատել նրա սոցիալական կարիքները եւ, ըստ այդմ, կայացնել որոշում: Հետեւապես համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների լիարժեք գործարկման համար թիվ 1 խնդիրը մեկ միասնական տեղեկատվական համակարգ ունենալն է»:

Հարցին, թե ինչ ճանապարհով է հավաքագրվում տեղեկատվական համակարգի պարունակությունը եւ ընդհանուր առմամբ` ինչպիսի տեղեկատվություն է պարունակում այն` անձի եւ ընտանիքի առանձին անդամների մասին, փոխնախարարը պատասխանեց. «Այդ միասնական տեղեկատվական համակարգը բաղկացած է նախարարության, ինչպես նաեւ այլ մարմինների տրամադրության տակ գտնվող տեղեկատվական շտեմարաններից եւ պարունակում է տեղեկատվություն քաղաքացիների սոցիալական վիճակի եւ նրանց մատուցվող սոցիալական ծառայությունների մասին։ Միասնական տեղեկատվական համակարգ տվյալներ կարող են ներառել նաեւ սոցաշխատողները»:
Ներկայում ինտեգրված սոցիալական ծառայություններ մատուցվում են 19 կենտրոններում, որոնք գտնվում են հանրապետության տարբեր հատվածներում` մարզերում եւ մայրաքաղաքում: Շուտով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը շահագործման կհանձնվի եւս 4 համալիր կենտրոն` Տավուշում, Լոռիում եւ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

Սոցիալական պաշտպանության վարչության ծրագրի համակարգող Վահագն Գրիգորյանի խոսքով՝ Համաշխարհային բանկը վերահսկում է Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների կատարման ողջ գործընթացը ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության արդյունքից բավարարված է: Նախատեսված է համալիր կենտրոնների թիվը հասցնել 56-ի, որոնք, ըստ նրա, ավելի արդյունավետ կդարձնեն սոցիալական ծառայությունների սպասարկումը հանրապետության ողջ տարածքում:

«Առավոտ»

08.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031