Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայտնության անսպասելին

Դեկտեմբեր 09,2017 14:00

Չկա թերեւս ավելի մեծ գաղտնիք, քան անսպասելիությունը, երբ չգիտես, թե երբ կսկսվի աղետը, կամ ում կսիրահարվես: Չնայած որ երկուսն էլ անսպասելի են. ե՛ւ աղետը, ե՛ւ սերը, քանզի երկուսն էլ գտնվում են դիպվածի իշխանության տակ եւ դուրս են հորդում ենթադրություններից:

Այս դեպքում ի՞նչ գեղեցիկ է լռությունը եւ լռության մեջ խորհրդածելը, երբ որոնում ես հավատը քո: Եվ զարմանալի բան. եթե երկար ես խորհում, հասկանում ես, որ ցանկացած հավատք միայն իր ստեղծման սկզբում է տիրապետում եւ իշխում մարդկանց հոգիներին:
Հետո ուշ, շատ ավելի ուշ սկսվում են տարաշխարհիկ մեկնաբանությունները, եւ Աստծո հանդեպ սիրո ու խոնարհության փոխարեն այդ նույն Աստծուն չտեսածները առաջին պլան են բերում ծիսակատարությունները, երբ ծեսը՝ հօգուտ հոգեւորականների, աշխատում է ընդդեմ թագավորի եւ պետության…

Տարիներ առաջ Աստծո կողմից մոռացված Ջավախքի Գոման մեր գյուղի հին գրադարանում, իսկ մեր գյուղում երեք գրադարան կար, ինձ անծանոթ գրքերը պրպտելիս մի տարօրինակ քրքրված գրքի վերջին էջում, որի վերնագիրը չէր կարդացվում, ես զարմանալիորեն մի անսպասելի էջ տեսա, որը մագաղաթ էր եւ այն սոսնձված էր, որպեսզի գրքի ամբողջությունը պահպանի: Չնայած դեռեւս Մատենադարանում չէի եղել, բայց ես անմիջապես էլ հասկացա, որ էջն այդ մագաղաթ է:

Ես փորձեցի կարդալ ու չհասկացա գիրը գրաբարյան ու արտագրեցի: Եվ որովհետեւ էջի մի մասը սոսնձապատ էր ու մնացել էր գրքի տակ, իսկ վերջնանկյունը ճղված` ինձ հաջողվեց վերծանել ընդամենը ընթեռնելի մի հատված, որը մինչեւ այսօր էլ պահպանել եմ: Այնտեղ գրված էր ինձ համար այդ օրերին անհասկանալի մի բան, ինչը ես հիմա եմ հասկանում:
Գրված էր. Ես տեսա նրան, նա էր, ինքն էր: Ես չվախեցա նրանից, որովհետեւ ճանաչեցի նրան, ինքն էր` Ով…

Այսքանն էր կարդալի, մնացածը սոսնձի տակ էր: Ես չգիտեմ, ով էր այդ գրի հեղինակը, բայց շնորհակալ եմ իրենից, որ տեսել էր անսպասելիին եւ չէր վախեցել իրենից…

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

08.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031