Սխալ է առաջնորդվել նրանով, որ որեւէ ծրագիր իրեն
միայն տնտեսապես արդարացնի
Իրանի քաղաքագիտական շրջանակներում կարծիք կա, որ մեր տարածաշրջանում ճգնաժամերն ու պատերազմները ընդլայնվելու են, քանի որ ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն կշարունակեն դրսեւորվել լարվածության օջախներում: Վերջերս Իրանում կայացած «Հայ դատն այսօր» 13-րդ խորհրդաժողովի շրջանակներում իրանցի քաղաքագետները կարծիք են հայտնել, որ տարածաշրջանի երկրները` թե Կովկասում, թե Մերձավոր Արեւելքում, ուժը տեսնում են ռազմական կարողության մեջ: Միաժամանակ նշվել է` քանի դեռ սա է գլխավոր թեզը, ոչ ոք չի կարող տարածաշրջանում հաջողության հասնել, անգամ եթե կարճատեւ ժամանակաշրջանի համար որեւէ երկիր հաջողի ի ցույց դնել սեփական ռազմական կարողությունները:
Խորհրդաժողովին Հայաստանից մասնակցել են «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը եւ իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Համաժողովի մասնակից իրանցի քաղաքագետները խոսել են Իրան-Հայաստան երկաթգծի մասին եւ նկատել, որ այն ռազմավարական մեծ նշանակություն ունի երկու կողմերի համար էլ: Հիշել են, որ 2012-ին Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարները հայտարարում էին` Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը չունի տնտեսական բացատրություն: Արդեն 2015-ի նոյեմբերին կարծում էին` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը թեեւ տնտեսական ապագա ունի, բայց դա նշանակում է «հարեւանի պատի վրա պատուհան բացել»: Եվ սա այն դեպքում, երբ ՌԴ-ն հովանավորում ու աջակցում է ՌԴ-Ադրբեջան-Իրան երկաթգծի կառուցմանը: Ապա հարց է հնչել Ստեփան Գրիգորյանին` ՌԴ քաղաքական շահերի տեսանկյունից ի՞նչ տարբերություն ունեն Իրան-Հայաստան եւ Իրան-Ադրբեջան երկաթգծերը: Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ նման ծրագրերը, իբրեւ կանոն, մեծ տնտեսական արդյունք չեն տալիս` գոնե սկզբի համար: Հաճախ դրանք միայն այլընտրանք են ստեղծում. «Օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Փոթի նավթամուղը, որը կառուցեց Ադրբեջանը, իբրեւ տնտեսական ծրագիր, մեծ նշանակություն չուներ, բայց դա այլընտրանք էր, որը ստիպեց ՌԴ-ին հաշվի առնել Բաքվին, Թբիլիսիին եւ Ստամբուլին: Նախկինում Ադրբեջանը ՌԴ-ով էր նավթը Եվրոպա ուղարկում: Հիմա թեկուզ փոքր, բայց այլընտրանք ստեղծեց:
Սխալ է առաջնորդվել նրանով, որ որեւէ ծրագիր իրեն միայն տնտեսապես արդարացնի: Իրան-Հայաստան երկաթգիծը, ավտոմոբիլային ճանապարհը ստեղծում են այլընտրանք, ու դրանից մեր երկրներն աշխարհի համար ավելի հետաքրքիր կդառնան»: Մենաշնորհի համատեքստում քաղաքագետը չի շրջանցում նաեւ գազի թեման` նկատելով, որ ՌԴ-ն ՀՀ-ին գազ է վաճառում երկու անգամ ավելի թանկ գնով, քան Ուկրաինային. Ուկրաինայի հետ ՌԴ-ն պատերազմի մեջ է, ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկեր է. «Մեղավորը մենք ենք, որ մենաշնորհը տվեցինք «Գազպրոմին»:
Իրանցի քաղաքագետները նաեւ կարծիքներ են հնչեցնում` ՌԴ-ն չի ցանկանում, որ Արցախի հարցը լուծվի, քանի որ Հայաստանը ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է, բայց ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին:
Ստեփան Գրիգորյանը Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Արցախի հարցում շատ կառուցողական է համարում: ԻԻՀ պաշտոնական տեսակետն է` Արցախի հարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով: «Մենք շնորհակալ ենք այդ օբյեկտիվ մոտեցման համար»,- ասել է Ստեփան Գրիգորյանը` հիշեցնելով, որ Ադրբեջանը մեկ տարի առաջ փորձեց ռազմական ճանապարհով հարցը լուծել: Նա ուշադրություն է հրավիրել նաեւ Թուրքիայի սուբյեկտիվ մոտեցման վրա. «Եթե զենք է պետք` կտանք, եթե պետք է` մենք կկանգնենք Ադրբեջանի կողքը եւ կկռվենք հայերի դեմ: Դա կառուցողական չէ»: Քաղաքագետը նաեւ նկատել է` ՄԱԿ-ի կանոնների համաձայն՝ երկիրը, որը սահմանակից է հակամարտության գոտուն, իրավունք ունի կարծիք հայտնելու եւ պնդելու, որ այնտեղ զորքեր չբերվեն: «Առանց Իրանի խոսքի` ոչ ոք իրավունք չունի այս տարածաշրջան զորք բերելու: Ու ինձ համար կարեւոր չէ՝ խոսքը ՆԱՏՕ-ի, ՌԴ-ի, թե այլ զորքի մասին է»,- ասել է Ստեփան Գրիգորյանը:
Քաղաքագետը կարծում է նաեւ, որ Իրանի ժողովուրդն իրավունք ունի խաղաղ նպատակներով ատոմային էներգիա օգտագործելու. «Ոչ ոք չի կարող օդից ինչ-որ միտք վերցնել եւ հայտարարել, որ ինքը չի ցանկանում, որ Իրանը խաղաղ նպատակներով ատոմային էներգիա օգտագործի: Մանավանդ, որ Իրանը բարեխղճորեն կատարում է վեցնյակի հետ ստորագրած պայմանագրի կետերը: ԵՄ երկրները հայտարարել են այդ մասին: Ու եթե մեկ երկիր հայտարարում է, թե Իրանը չի կատարում իր պարտականությունները, դա իր խնդիրն է»: Առհասարակ, քաղաքագետը կարծում է, որ Չինաստանը, ԵՄ-ն եւ Իրանը ցանկանում են, որ այս տարածաշրջանը դառնա համագործակցության հարթակ, մինչդեռ ԱՄՆ-ը, Թուրքիան եւ ՌԴ-ն անընդհատ փոխում են իրենց մոտեցումները` այդպիսով ավելի ապակայունացնելով իրավիճակը: Անկախ ամեն ինչից՝ քաղաքագետը կարեւորել է, որ Հայաստանում կոնսենսուս կա Իրանի Հանրապետության նկատմամբ: «Երկրների մասին պետք չէ դատել իրենց ռազմական քաշով: 21-րդ դարում պետք է առաջնորդվել ծրագրերի, առաջարկների մրցակցությամբ»,- կարծում է Ստեփան Գրիգորյանը:
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանն էլ խոսելով Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի եւ դրան հաջորդած ժամանակաշրջանում տեղի ունեցած զարգացումների մասին՝ կարծիք է հայտնել, որ այդ շրջանում Թուրքիայի վարած քաղաքականությունը մասամբ զրկեց Անկարային Քուրդիստանի ռեգեոնալ կառավարության, մասնավորաբար, Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության նկատմամբ ունեցած լծակներից եւ ազդեցությունից: Մինչդեռ ԻԻՀ-ն հայտնվեց ավելի շահեկան դիրքերում, քանի որ պահպանեց իր ազդեցությունը ՔԴԿ-ի եւ Քուրդիստանի հայրենասիրական միության նկատմամբ: Նա նաեւ նկատել է, որ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեի հարցում Հայաստանի դիրքորոշումը ներառել է նաեւ Իրանի շահերը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
08.12..2017