Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեւույթը» այլ աստղերի հետ հանդես կգա Հայաստանում

Դեկտեմբեր 09,2017 12:30

Վերդիի «Ռեքվիեմը» նվիրվում է ցեղասպանության
հանցագործության զոհերի միջազգային օրվան

Դասական երաժշտության սիրահարներն անհամբերությամբ են սպասում «Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 9-ին կայանալիք համերգին: Պատճառը միայն ծրագիրը չէ՝ Վերդիի Ռեքվիեմը, այլ դա հայ հանդիսատեսի առաջին հանդիպումն է օպերային արվեստի աստղերի՝ սոպրանո Էրիկա Գրիմալդիի (Իտալիա), մեցցո սոպրանո Օլեսյա Պետրովայի (ՌԴ), տենոր Գեորգի Վասիլեւի (ՌԴ) եւ բաս Ռոբերտո Սկանդիուցիի (Իտալիա) հետ: Նրանք մոնումենտալ հիշյալ երկի կատարմամբ հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Ազգային կապելլայի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Մաեստրո Թոփչյանն «Առավոտին» հավաստիացրեց, որ Էրիկա Գրիմալդին այսօր ամենապահանջված սոպրանոներից է, Թուրինի Teatro Regio օպերային թատրոնի եւ Մյունխենի, Նեապոլի, Մոնպելիեյի եւ այլ ճանաչված մշակութային օջախների հրավիրյալ երգչուհի. «Սոպրանոյի խաղացանկում են համաշխարհային օպերային երկացանկի առաջատար դերերգերը, այդ թվում՝ Դեզդեմոնա, Միմի, Նեդդա, Միքայելա եւ այլն: Օլեսյա Պետրովայի երկացանկն էլ ընդգրկում է Վերդիի օպերաներից «Աիդա», «Նաբուկո», «Տրուբադուր», «Ռիգոլետտո», մինչեւ Բիզեի «Կարմեն», Մասկանիի «Գեղջկական պատիվ» եւ այլ հեղինակների օպերաների առաջատար դերերգեր: Իսկ Գեորգի Վասիլեւի դերերգերի թվում են Ֆաուստը, Հերցոգը, Լենսկին, Ռոմեոն, Նեմորինոն եւ այլք»: Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ, թեկուզ հակիրճ, չի ներկայացնում Ռոբերտո Սկանդիուցիին, Թոփչյանը հատուկ շեշտեց. «Այս բասը երեւույթ է…»:

Ռոբերտո Սկանդիուցին:

Հարցրինք՝ իրենց ինչպե՞ս է հաջողվում պահանջված մնալ, երբ մասնագետների ձեւակերպմամբ, աշխարհը լեցուն է հրաշալի ձայներով: Դա մենեջերի հետ համագործակցությա՞ն արդյունք է, թե՞ կան այլ հանգամանքներ եւս: Ի պատասխան՝ մեր զրուցակիցներն առաջին հերթին կարեւորեցին մենեջերական կազմակերպությունների եւ իմպրեսարիոների դերը: Իսկ Էրիկա Գրիմալդին հավելեց. «Կան հիանալի ձայներ, որոնք չունեն ագենտներ: Իհարկե, նման երաժիշտներն աննկատ չեն մնում, բայց շատ դժվար է եւ հաճախ տեւական ժամանակ է պահանջվում, որպեսզի նրանք էլ, ինչպես ասացիք՝ լինեն պահանջված»: Հետաքրքրությանը՝ խիտ գրաֆիկ ունեցող երգիչներին ուղղորդում է միայն իմպրեսա՞րիոն, Օլգա Պետրովան պատասխանեց. «Անկասկած: Օրինակ՝ ստեղծագործական իմ յուրաքանչյուր քայլը համաձայնեցնում եմ ագենտիս հետ: Երեւանի ֆիլհարմոնիկից հրավերը ստանալուն պես համացանցով ծանոթացա նվագախմբին, տեղեկացա, որ այս կոլեկտիվը նույնիսկ ավանդաբար կազմակերպում է միջազգային փառատոն, որի ծրագրերում հանդիպեցի իմ գործընկերներից ճանաչված անունների: Անձամբ ծանոթ եմ ու բարեկամական շփման մեջ եմ, օրինակ, մոսկվաբնակ տենոր Խաչատուր Բադալյանի հետ…»: Գեորգի Վասիլեւն ու Էրիկա Գրիմալդին միաժամանակ հնչեցրին ֆրանսաբնակ Վարդուհի Աբրահամյանի անունը:

Զրույցի ընթացքում վոկալիստները հայտնեցին, թե շատ են լսել հայ մշակույթի եւ կոմպոզիտորական արվեստի մասին, թեեւ նշեցին միայն Խաչատրյանի, Բաբաջանյանի, Տերտերյանի անունները եւ հատուկ շեշտցին, թե առաջին անգամ է, որ մասնակցում են Ռեքվիեմի մի կատարման, որը նվիրվում է ցեղասպանության հանցագործության զոհերի միջազգային օրվան:

Էդուարդ Թոփչյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ փորձին ներկա չէ Ռոբերտո Սկանդիուցին: Դիրիժորը պարզաբանեց, որ նա դեռ չի հասցրել ժամանել Երեւան, սակայն անպայման ներկա կգտնվի գլխավոր փորձին:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Էդուարդ Թոփչյանը՝ Օլեսյա Պետրովայի, Էրիկա Գրիմալդիի եւ Գեորգի Վասիլեւի հետ:

«Առավոտ»

08.12..2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031