Հակամարտությունների կարգավորման գործում կարևոր է կողմերի միջև ուղղակի երկխոսությունը, չնայած Լեռնային Ղարաբաղի հարցում այն լուրջ առաջընթացի չի հանգեցնում: Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի շրջանակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ցավոք, առայժմ այն լուրջ առաջընթացի չի հանգեցնում, բայց մեզ դրական է թվում այն փաստը, որ այս տարի տեղի է ունեցել երկխոսություն նախագահների, և մի քանի անգամ՝ արտգործնախարարների մակարդակով: Կշարունակենք աշխատել այն ուղղությամբ, որով ընթանում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների ընդհանուր մոտեցումը: Այս նստաշրջանում մենք այն վերահաստատել ենք: Դրանում ներառված են կարգավորման այն սկզբունքները, որոնք կողմերն ընդունել են, բայց դեռ չեն վերածել գործնական քայլերի լեզվի: Դա հեշտ գործ չէ, բայց մենք շարունակում ենք դրանով զբաղվել»,- ասել է Լավրովը:
Անդրադառնալով Արցախի շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացմանը՝ Լավրովը նշել է, որ այդ թեման քննարկվել է 2016թ. Վիենայում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ: «Դրանից հետո սկզբունքային համաձայնությունը փոխանցվել է ԵԱՀԿ-ին: Ես գիտեմ, որ ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը փորձում է համաձայնեցնել դրա իրականացման գործնական պարամետրերը»,- ասել է նա:
Ռուսաստանի արտգործնախարարը նաև նշել է, որ իրենք համաձայնեցրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ՝ դրանում վերահաստատելով ենք քաջ հայտնի սկզբունքները, որոնց վրա պետք է հիմնվի կարգավորումը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ