ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի գործընկերներ,
Անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության` Դուշանբե-Մոսկվա-Երևան երթուղուն, որի մասին վերջին օրերին տարբեր մեկնաբանություններ են հնչում:
Դուշանբեից Երևան վերադարձի չվացուցակի համաձայն` պատվիրակությունն օդանավակայանում Մոսկվա-Երևան թռիչքին հասնելու համար ուներ 1 ժամ 25 րոպե: Մինչդեռ, Դուշանբե-Մոսկվա չվերթը չվացուցակում 1 ժամ ուշացում գրանցեց:
Ելնելով իրավիճակից՝ հաջորդ չվերթից չուշանալու համար, ՀՀ ԱԺ նախագահն անձամբ է որոշել Մոսկվա-Երևան ինքնաթիռին հասնել ընդհանուր ընթացակարգով, քանի որ մնացել էր ընդամենը 25 րոպե. եթե հատուկ արարողակարգային ընթացակարգով կազմակերպվեր, այն կտևեր առնվազն 1 ժամ, և պատվիրակությունը չէր հասցնի այդ օրը վերադառնալ Երևան:
Դուշանբեից կապ է հաստատվել տաջիկական ավիաընկերության մոսկովյան ներկայացուցչի հետ, որն արդեն Մոսկվայում դիմավորել է պատվիրակությանն ու արագ ուղեկցել դեպի Մոսկվա-Երևան ինքնաթիռը:
Ընդհանուր ընթացակարգի համաձայն` պատվիրակության բոլոր անդամները, այդ թվում՝ ԱԺ նախագահը, հաշվառվել են, անցել են մետաղաորսիչ սարքով և մոտեցել նստեցման:
Պատվիրակության որևէ անդամի, այդ թվում նաև՝ ՀՀ ԱԺ նախագահին, որևէ մեկը չի խուզարկել:
Հ.Գ. Սա առաջին դեպքը չէ, երբ ուղևորութունների ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հաշվառումը և ինքնաթիռ նստելը ընդհանուր ընթացակարգով անցնելու որոշում է կայացնում: Արա Բաբլոյանի համար սա հնարավորություն է նաև անձամբ տեսնելու, թե այլ պետություններում ինչպես են սպասարկում մեր հայրենակիցներին: Ի դեպ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հաճախ կարելի է տեսնել մեքենա վարելիս, խանութում գնումներ կատարելիս կամ, պարզապես, զբոսնելիս»: