Նախագահ Թրամփի որոշումը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին արյունալի բախումներ է հրահրել Հորդանան գետի արևմտյան ափում պաղեստինցիների ու իսրայելյան բանակի միջև: Վերջիններս օգտագործել են արցունքաբեր գազ ընդդեմ պաղեստինցիների: Բացի դրանից, բողոքի ցույցեր են ընթանում մահմեդական մի շարք երկրներում, ներառյալ Թուրքիայում:
«Որոշումը սրում է իրավիճակը: Այն խոչընդոտ է խաղաղությանը: Սա լավ ծրագրավորած քայլ չէր: Այսօր աշխարհում 1,5 միլիարդ մահմեդական կա: Նրանց կարծիքը հաշվի չի առնվել: Բոլոր երկրներն, անկախ դավանանքից, ասում են, որ որոշումը սխալ էր: Կարծում եմ այն կվերանայվի»,- ասում է Սելահաթին Էրգինը Ստամբուլից:
Նախագահ Թրամփի որոշումը խորհրդանշական էր, ասում է Թուրքիայում և Իրաքում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Ջեֆրին, ով ընդգծում է, որ դրա մասին որոշումն ԱՄՆ-ի Կոնգրեսը ընդունել է ավելի քան 20 տարի առաջ:
«Խնդիրը նրանում է, որ այն հնարավորություն է տալիս մահմեդական աշխարհին հարցականի տակ դնել նախագահի վերաբերմունքը դեպի մահմեդական աշխարհը: Այն խափանում է խաղաղ կարգավորման գործընթացը Իսրայելի և պաղեստինցիների միջև»,- նշում է նախկին դեսպանը:
Դեսպան Ջեֆրիի կարծիքով, այս որոշումը նաև կխոչընդոտի Իրանի դեմ դաշինք ստեղծելու գործընթացին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: