Բերդ քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, Տավուշի մարզային դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ ընթանում է Արման Վոլոդյայի Հակոբյանի դատավարությունը:
Նա մեղադրվում է, քանի որ հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2017թ. ապրիլի 28-ից մայիսի 12-ը, որպես դիտորդ մարտական հերթապահության մեջ ընդգրկված լինելով ՊՆ մեկ այլ զորամասի պահպանությանը հանձնված մարտական հենակետում, 2017թ մայիսի 10-ի ժամը 06.20-ից մինչեւ 08.20-ը, ըստ մարտական հերթապահության գրաֆիկի, որպես դիտորդ ծառայություն իրականացնելով` կրակել է Գագիկ Մեսրոպյանի վրա:
Ա. Հակոբյանը Գ. Մեսրոպյանի կողմից՝ նրա զենքը վերցնողի մասին իմանալու պայմաններում ստողի, այսինքն` տվյալ դեպքում իր հասցեին սեռական բնույթի հայհոյանք տալուց հետո, վրեժի շարժառիթով նրան կյանքից զրկելու դիտավորությամբ իրեն ամրակցված Դրագունովի դիպուկահար հրացանով մեկ կրակոց է արձակել Գ. Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վնասվածք:
Գ. Մեսրոպյանը Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 8-15 տարի ազատազրկում:
Ա. Հակոբյանը կալանքի տակ է, նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Սպանված Գագիկ Մեսրոպյանը Սյունիքի մարզի Տեղ գյուղից էր, կոչումով`կրտսեր սերժանտ: Նա Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո էր մեկնել ժամկետային զինծառայության:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ