ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ թանկացումներին եւ իրենց կուսակցության որոշ անդամների՝ աղքատ խավի վերաբերյալ արած վիրավորական հայտարարություններին:
«Մամուլում ես տեսա քննադատություն իմ որոշ կուսակցական ընկերների հայտարարությունների, աղքատության եւ գների թանկացման հետ կապված… Իհարկե, թանկացումը շատ վատ բան է, թանկացման վերաբերյալ գնահատականներին օբյեկտիվ պատասխան տրվել է փոխվարչապետի ու ֆինանսների նախարարի կողմից: Մեր կառավարության քայլերը պետք է միտված լինեն նրան, որ քայլ առ քայլ լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են հատկապես խոցելի խավերի առաջ»,-ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նաեւ շեշտեց. «ՀՀ քաղաքացու վերաբերյալ որեւէ պատգամավոր, որեւէ չինովնիկ իրավունք չունի ոչ գիտակցված, ոչ էլ չգիտակցված նման հայտարարություն անելու, թեկուզ դա լինի անզգույշ հայտարարություն: Այդ առումով իմ ափսոսանքն եմ հայտնում»:
Նրա ձեւակերպմամբ, ՀՀ բոլոր քաղաքացիները մեր երկրի ամենամեծ հարստությունն են:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ասել էր, թե հարկ չկա թանկացումներից պաշտպանել աղքատ խավին, որովհետեւ «աղքատ մարդկանց մոտ սովորություն կա` նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց» , իսկ Խոսրով Հարությունյանն էլ նշել, թե կարտոֆիլ ուտողը միեւնույն է միս չի գնելու, անկախ մսի գնից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ