ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի աղմկահարույց տեսակետներն աղքատության ֆոնին թանկացումների վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը համարում է ցինիզմի արտահայտություն:
«Ինձ հիշեցնում է Մարիա Անտուանետայի հայտնի հայտարարությունը, երբ իրեն ֆրանսիական մեծ հեղափոխությունից առաջ ասում էին, որ մարդիկ հաց չունեն ուտելու, ասում էր՝ հաց չունեն, թող խմորեղեն ուտեն: Մարիա Անտուանետայի կյանքն ավարտվեց նրանով, որ գլուխը կտրեցին, չեմ ցանկանում, որ Հակոբ Հակոբյանի գլուխը կտրեն, բայց իր ասածը ցինիզմի աստիճանով հիշեցնում է Մարիա Անտուանետայի ցինիզմը: Թող մի քանի անգամ մտածի, հետո նոր նման հիմարություններ ասի»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով, սոցիալապես անապահով խավի համար թանկացումները չեն կարող շոշափելի չլինեն. «Մարդիկ, որ մտնում են խանութ ու ասում են 300 գրամ պանիր տվեք, որովհետեւ եթե հիսուն գրամ ավելի կտրեք, գումար չունեմ, այդ մարդկանց համար շատ շոշափելի են թանկացումները, ավելի ապահով խավն է, որ այդքան չի զգում թանկացումները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ