Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում մեկնարկել է ՀՀ համայնքների խորհրդաժողովը

Դեկտեմբեր 08,2017 19:50

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մասնակցությամբ այսօր Դիլիջանում մեկնարկել է ՀՀ համայնքների խորհրդաժողովը։ ՀՀ ՏԿԶ նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» ՀԿ-ի կողմից կազմակերպված երկօրյա խորհրդաժողովին մասնակցում են մարզպետներ, բազմաթիվ համայնքապետեր, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետերի Դաշնագիր-Արևելք» ծրագրի, համայնքներում էներգաարդյունավետության , «Քաղաքապետերը՝ հանուն տնտեսական զարգացման» և այլ ծրագրերի ներկայացուցիչներ:

Ողջունելով արդեն ավանդական դարձած 6-րդ խորհրդաժողովի մասնակիցներին` նախարար Լոքյանը մաղթել է արդյունավետ աշխատանք, նշել, որ այն լավ հնարավորություն է ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու և աստիճանաբար դրանք լուծելու համար։ Ըստ նախարարի, այս համաժողովն իր կարևորությամբ ոգևորող և պարտավորեցնող է, քանի որ նրա օգնությամբ հնարավոր է առավել արդյունավետորեն նախանշել այն հիմնական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվեն համայնքները` ապահովելով բնակիչների համար լավագույն պայմաններ:

«Տեղյակ եք երկրում ընթացող վարչատարածքային բարեփոխումներից, այսօր ունենք 52 խոշորացված համայնք։ Այս անգամ մեր խորհրդաժողովը կարևորվում է, քանի որ մենք գտնվում ենք բարեփոխումների փուլում, որը ձեր և նախարարության պատասխանատուների շնորհիվ իրականացվում է առանց ցնցումների և կշարունակենք նաև 2018թ.-ին։ Արդյունքում մենք ձևավորելու ենք մի համակարգ, որի միջոցով ավելի հեշտ է լինելու համայնքի հետ աշխատանքը, տնտեսական զարգացման ծրագրերի իրականացումը, համայնքների հետ ավելացված արժեք ստեղծելը, համայնքների բարեկեցության մասին մտածելը։ Մենք մի շարք պարտավորություններ ունենք նաև տարբեր միջազգային կազմակերպությունների նկատմամբ, մասնավորապես, 2018-ին նախատեսվում է, որ մենք Եվրամիության ասոցացման համաձայնագրով լուրջ միջոցներ ենք ստանալու տարածքների տնտեսական զարգացման և տարածքների համաչափ զարգացման խնդիրները լուծելու համար։ Բայց դրա համար մենք ունենք 3 հիմնական պարտավորություն` 1.կոնսոլիդացման, համախմբման աշխատանքների շարունակում, 2. ուշադրություն դարձնել համայնքների ֆիսկալ քաղաքականությանը, 3. ժողովրդավարություն, տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ապահովում »,-ասել է նախարարը։

Նախարարը խոսել է նաև տարածքային համաչափ զարգացման ուղղությամբ իրականացվող և նախատեսվող բարեփոխումների և ծրագրերի մասին և այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծել է համաժողովի նշանակությունը, հենց համայնքի ղեկավարներից կառուցողական և արդյունավետ առաջարկներ ներկայացնելու կարևորությունը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, մասնավորապես, Հայաստանի համայնքների միությանը, ՀՀ ԿԲ-ին, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին, որոնք աջակցել են այս համաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքներին։

Խորհրդաժողովի առաջին օրը համայնքների ղեկավարների հետ քննարկվել են մարզերում և համայնքներում տնտեսական զարգացմանը միտված տարբեր ծրագրերի ընթացքը և հնարավորությունները։ Խորհրդաժողովի 2-րդ օրը քննարկումներ են ծավալվելու ՀՀ-ում իրականացվող վարչատարածքային բարեփոխումների ընթացքի մասին, ինչպես նաև անդրադարձ է կատարվելու համայնքներում տնտեսական զարգացման առկա միտումներին: Կենտրոնական բանկի ներկայացուցիչները ներկայացնելու են համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության, ֆինանսավորման այլընտրանքային հնարավորությունների մասին:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման 
նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031