Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆեյսբուքում սաղ գրող են դարձել, բայց բյուջեն քննարկելուց չկան»․ Սամվել Բալասանյանը նեղված է (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2017 19:25

Այսօր Գյումրու քաղաքային իշխանությունները 2018 թվականի բյուջեի նախագծի շուրջ հասարակական լսումներ էին կազմակերպել, սակայն քննարկում, ըստ էության, տեղի չունեցավ, քանի որ դահլիճը դատարկ էր․ քաղաքապետարանի ներկայացուցիչներից ու «Հայկական վերածնունդ» կուսակցության 1-2 ավագանու անդամից բացի ոչ մեկը չէր եկել։ Միակ հարց տվողը «Հայկական վերածնունդ» խմբակցության անդամ Ավետիս Առաքելյանն էր՝ Վարդան Ղուկասյանի փեսան։

Սամվել Բալասանյանը, իհարկե, նեղվեց դատարկ դահլիճից՝ ասելով․ «Ֆեյսբուքում սաղ գրում են, քննադատում, դժգոհում, թե մեր փողոցը չսարքվեց, բայց քննարկմանը մասնակցելուց զլանում են, առաջարկ չեն ներկայացնում, թեև մենք մանրակրկիտ պատրաստվել ենք պատասխանելու բոլոր հարցերին»։

Քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ 2018 թվականին Գյումրու բյուջեն կկազմի մոտ 3 միլիարդ 357 միլիոն 33,7 հազար դրամ։ Իհարկե, նա նախազգուշացրեց, որ այս թիվը կարող է փոփոխվել ՝ կախված Գյումրիին հատկացվող դոտացիայից, կանխատեսվող եկամուտներից ու ծախսերից։ «2018 թվականին աճ է նախատեսվում տեղական տուրքերի ուղղությամբ՝ 3,12 տոկոս, այլ մուտքերի ուղղությամբ 20, 3 տոկոս և դոտացիայի ուղղությամբ մոտավորապես 0,05 տոկոսով։ Ամեն դեպքում այս կանխատեսումները նույնպես կներկայացվեն ավագանու նիստին՝ ճշտված բյուջեի կանխատեսումներով հանդերձ»,- ասաց Լենա Ջիլավյանը։ Նա մանրամասն ներկայացրեց եկամուտներն ու բյուջեի ծախսերը։

ՀՎԿ ավագանու անդամ Ավետիս Առաքելյանը մի քանի հարցեր ուղղեց Սամվել Բալասանյանին ու Լենա Ջիլավյանին։ Նրան, մասնավորապես, հետաքրքրեց, թե կա՞ն արդյոք արտասահմանյան գործուղումներ, որոնց համար որպես ծախս բյուջեի մեջ ընդգրկել են 1 միլիոն 800 հազար դրամ։ Այնուհետ նա պարզաբանում պահանջեց գրասենյակային նյութեր ու հագուստներ տողի համար՝ ասելով․ «Նյութերը հասկացա, հագուստները չեմ հասկանում»։» «Ինչը չհասկացա՞ր», -հետաքրքրվեց գլխավոր ֆինանսիստը, որին ի պատասխան ավագանու անդամը կրկնեց՝ հագուստը։ «Էդ հագուստները մեր սանմաքրման աշխատողներին է, գրած ա սիրուն, լավ հագուստներ ենք տալիս՝ ձեռնոցներ հագուստներ»։

Սամվել Բալասանյանը կատակեց․ «Նվագախմբի տղաներինն են»։ Լենա Ջիլավյանը շարունակեց․«Այո, նվագախմբի տղաներինն են, էն ֆիլմը տեսե՞լ եք, որ պատռեցին սաղ շորերը, մերոնք չեն պատռում, միշտ թազա է, ամեն տարի առնում ենք՝ կոշիկներից բռնած»։

Արտասահմանյան գործուղումների համար նախատեսված ծախսերի հետ կապված էլ տիկին Ջիլավյանը պարզաբանեց, որ իրենք պարտավոր են նախատեսել, այլ երկրներից ունեն հրավերներ։ Սամվել Բալասանյանն էլ հավելեց, որ երեք հրավերներ արդեն կան։

Գլխավոր ֆինանսիստը շեշտեց, որ անցած ավագանու նիստին պակասեցրել են արտասահմանյան գործուղումների ծախսերը մեկ միլիոն դրամով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031