Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ. 2017-ի 9 ամիսներին 13,500 մարդ ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել

Դեկտեմբեր 08,2017 19:35

Ազգային վիճակագրական ծառայությունը դեկտեմբերի 5-ին հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերն ու աղքատությունը 2017» զեկույցը:

Այս զեկույցում նաեւ ներկայացված են 2013-2016 թվականների միգրացիոն ցուցանիշներն, ըստ որոնց, տնային տնտեսությունների (տ/տ) 24.9 %-ը 2013-2016 թվականներին ներգրավված են եղել արտաքին եւ ներքին միգրացիոն գործընթացներում, որոնցում ներառված են տնային տնտեսությունների 15 եւ բարձր տարիքի անդամների 10.8%-ը:

Զեկույցի համաձայն՝ միգրացիոն գործընթացներում այդ տարիներին ներգրավված եւ վերադարձած քաղաքացիներից 76.0%-ը  տղամարդիկ են, հետեւաբար, կանայք՝ 24.0%: Իսկ չվերադարձած քաղաքացիների  88.1 %- են տղամարդիկ, կանայք՝ 11.9% է:

2013-2016 թվականներին միգրացիոն գործընթացներում ներգրավված եւ վերադարձած քաղաքացիների 65.8%-ը քաղաքաբնակներ են, իսկ 34.2% -ը՝ գյուղաբնակներ: Գյուղաբնակ չվերադարձած միգրանտներն ավելի շատ են, քան վերադարձած գյուղաբնակները: Ըստ զեկույցի, մեկնել եւ չեն վերադարձել գյուղաբնակների 50.3 %ը, իսկ քաղաքաբնակ չվերադարձածների ցուցանիշը  49.7% է:

Ուսումնասիրված ժամանակահատվածում միգրացիոն գործընթացներում ներգրավված 15 եւ բարձր տարիքի անձանց 55.9%-ը (շուրջ 155 հազար մարդ)
2016 թվականի դրությամբ դեռեւս բացակայել են իրենց մշտական բնակության վայրից, եւ գտնվել են Հայաստանի տարբեր մարզերում, կամ այլ երկրում:

2013-2016 թվականներին արտաքին եւ ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված 15 եւ բարձր տարիքի անձանց 12.0%-ի տեղաշարժերը 2016 թվականի դրությամբ եղել են ներհանրապետական, 11.6%-ը` ԼՂՀ- են մեկնել, իսկ մնացած 76.4%-ը` միջպետական, որի գերակշիռ մեծամասնությունը` 89.8%-ը Ռուսաստանի Դաշնություն է մեկնել:

2013-2016-ին 3 ամիսից ավելի տեւողությամբ արտաքին միգրացիոն գործընթացներում (առանց ներհանրապետական տեղաշարժերի) ներգրավված եւ 2016-ի դրությամբ դեռեւս արտերկրից չվերադարձած անձանց շուրջ 55%-ի Հայաստանից բացակայելու տեւողությունը եղել է 3-12 ամիս, իսկ 45 %-ինը` 1 տարի եւ ավելի:

2013-2016 թվականներին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած եւ 2016-ի դրությամբ դեռեւս չվերադարձած 15 եւ բարձր տարիքի անձանց 17.0%-ի բացակայության տեւողությունը հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել է՝ 3 ամիս եւ պակաս, 45.2%-ինը՝ 4-12 ամիս, իսկ 37.8%-ինը՝ մեկ տարի եւ ավելի:

Ուսումնասիրվող ժամանակահատվածում արտաքին միգրանտները կազմել են (հաշվառման ժամանակ) երկրից 3 ամիս եւ ավելի ժամկետով բացակայածների՝ չվերադարձածների շուրջ 90%-ը՝ մոտ 95 000 մարդ, իսկ երկարաժամկետ միգրանտները կազմել են 46%:

Հետազոտության արդյունքներով արձանագրվել է, որ 2013-2016-ին 3 ամիս եւ ավելի տեւողությամբ ՀՀ-ից մեկնած եւ 2016-ին դեռեւս չվերադարձած 15 եւ բարձր տարիքի միգրանտների միջին տարեկան թվաքանակը կազմել է շուրջ 24 000 հազար մարդ:

ԱՎԾ-ի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին ցուցանիշների համաձայն ժողովրդագրական իրավիճակը հատվածում նշված է՝ 2015 թվականին ՀՀ բնակչությունը տարեսկզբին կազմել է 3 միլիոն 10 հազար 600 մարդ, 2016-ին՝ 2 միլիոն 998 հազար 600 մարդ, 2017-ի տարեսկզբին՝ 2 միլիոն 986 հազար 100 մարդ:

2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 979 հազար 600, այսինքն՝ 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը նվազել է 6500 մարդով:

Սա հաշվարկվել է բնակչության բնական հավելաճով եւ միգրացիայով: Ըստ այդմ՝ 2017-ի հունվար-սեպտեմբերին բնակչության հավելաճը կազմել է 7000 մարդ, իսկ միգրացիայի բացասական ցուցանիշը կազմել է 13 հազար 500 մարդ, այսինք՝ 13 հազար 500 ՀՀ քաղաքացի մեկնել է եւ չի վերադարձել: Այս ամենի արդյունքում այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ, 9 ամիսների ընթացքում ՀՀ մշտական բնակչության քանակը նվազել է 6500 մարդով:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031