Վերահրատարակվել է հետանկախության շրջանի հայ գրականության ամենանշանակալի դեմքերից մեկի՝ Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» գիրքը։ Գրողի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 8-ին, «Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որն ուղեկցվեց գրողի մասին ֆիլմի դիտումով և գրքից հատվածների ընթերցմամբ։
«Սև գիրք, ծանր բզեզ»-ն առաջին անգամ հրապարակվել է 1998 թվին և գուցե շքեղ չլինելու պատճառով էլ լայն տարածում չի գտել» ,-այսպես է մեկնաբանում մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը։ «Լևոն Խեչոյանը հետանկախության շրջանի լավագույն արձակագիրներից է ։ Նա եզակի դեմք է, որը գնահատվել է և՛ իր կյանքի օրոք և՛ ներկայումս էլ շարունակում է իր փառահեղ ընթացքը»։
Արամ Սարգսյանը նշեց, որ սա թերևս Ղարաբաղի մասին իր իմացած լավագույն գրքերից է, եթե ոչ ամենալավը։ Նա հետաքրքրական համարեց նաև այն փաստը, որ գիրքը, թեև արցախյան պատերազմի մասին է, բայց գրողը Արցախ բառը չի արծարծում իր տեքստում․ «Սա կարծես համահավաք վեպ լինի, որովհետև տեսակով յուրահատուկ է: Թեմաներ կան, որոնք ինքը արծարծել է տարբեր պատմվածքներում և կարդալով վեպը՝ մենք հատվածական ընդհանրություններ կգտնենք իր նախորդ ստեղծագործությունների հետ»,-նշեց Սարգսյանը։
Վեպում կան օրագրություններ, որոնք սկսում են ապրիլի 2-ից, 3-ից, 4-ից , ինչը Արամ Սարգսյանի խոսքերով՝ հետաքրքրական զուգադիպություն է ապրիլյան քառօրյա պատերազմի օրերի հետ։
Արձակագիր Առաքել Սեմերջյանը գրողի մասին ասաց, որ Խեչոյանի յուրահատկությունն այն է, որ ինքը և իր գրականությունը իրարից երբեք շեղված չեն․ «Նա միակն է, ով նկարագրում է արցախյան պատերազմը։ Ուրիշ այսպիսի գործ մենք չունենք, որ այսքան խորքային գրված լինի, ոչ թե հայրենասիրական ոգին ցույց տա, այլ մարդու դժբախտությունը ինչպես կարող է պատերազմը մարդու վրա ազդել՝ նրան և քայքայել և վեհացնել և բարձրացնել հասցնել Աստծուն»։
Նա ցանկություն հայտնեց, որ գիրքը կարդալիս խնդրին մոտենանք բոլոր տեսանկյուններից, քանի որ գիրքը մի ամբողջական պատկեր է տալիս․ «Կուզեմ՝ միայն մի տեսանկյունից չնայենք արցախյան պատերազմին, նաև ապրիլյան դեպքերին նույնպես, որ հասկանանք՝ դիմացի կողմն էլ է մարդ և նրանք չներկայացվեն որպես սատանաներ, դժոխքից դուրս պրծածներ։ Նրանք էլ են մարդ, նրանք էլ են զավակ կորցնում, նրանք էլ են տանջվում։ Գրքում մի տեսարան կա՝ «Հողի դողը» հատվածում, որ տունը այրվում է, աղավնիները թռչում են այդ բաց տան վրայով և տեղ չունեն, որ կանգնեն։ Ես կուզեի՝ այդ հողը գտնվեր՝ Խեչոյանի գրականության պես, և Խեչոյանի նկարագրած աղավնիները հող ունենան՝ իջնել կարողանալու համար»,-ասաց արձակագիրը։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ