Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազատարն անցնում է գյուղի կողքով, բայց կողքին աթարի բլուրներ են». Վահագն Խաչատրյան

Դեկտեմբեր 08,2017 17:48

«Իրանի հետ էներգետիկ փոխգործակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ» թեմայով քննարկմանը վստահեցրեց էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը: Նա կարևորեց այն, որ Իրանի հետ հարաբերությունները պետք է խորացնել և հասնել մինչև գնագոյացման մեխանիզմներ:

Ըստ պարոն Մարջանյանի՝ ՀՀ-ն չունի այնքան հարուստ հիդրոռեսուրսներ, ինչքան Վրաստանը, բայց ունի բացառիկ համակարգ. «Հայաստանում առկա է բացառիկ մի համակարգ, որը կոչվում է Սևան-Հրազդան կասկադ, դրան գումարած Արփա-Սևան թունելը և Որոտանի կասկադը: Ամբողջը համալիր մի կառույց է, որը բացառիկ է ողջ տարածաշրջանի համար»:

Անդրադառնալով Դեբետի և Արաքսի հիդրոներուժին՝ պարոն Մարջանյանն ասաց. «Ռեսուրսների առումով չյուրացված մնացել է միայն Դեբետի և Արաքսի հիդրոներուժը: Ուրախալի է, որ ամերիկյան գործընկերների հետ կարծես թե գործընթացը գնում է դեպի Դեբետ գետի հիդրոներուժի յուրացում և Շնող ՀԷԿ-ի կառուցում»:

Հարցին՝ խնդիրը Գազպրոմի մենաշնո՞րն է, թե՞ այն, որ Իրանը չի կարող ՌԴ-ից ցածր գազի գին առաջարկել Հայաստանին, ՄԱԿ-ի ազգային փորձագետը պատասխանեց. «Որքան ես գիտեմ, 2004-ից մինչև 2017-ի դեկտեմբերի 8-ը Իրանը երբևիցե գազի գին չի ասել, որը կարողանար մատակարարել: Բայց Իրանի հետ փոխգործակցությունը ՀՀ-ի հետ ունի լուրջ ռազմավարական նշանակություն, և պետք է կամաց-կամաց դուրս գալ գնագոյացման մեխանիզմների վրա: Իհարկե, զսպող դերակատարություն ունի և սահմանափակող հանգամանք է պարտավորեցնող պայմանագրերը, բայց, եթե ամերիկացիների ասած՝ մտածենք մեծ՝ Think big, ապա տրանզիտային ծրագրերը կարող են չափազանց մեծ մասշտաբների հասնել՝ ընդհուպ մինչև արտահանում դեպի Եվրոպա, Սև ծով»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը դրական համարեց այն, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ չփակեն ատոմակայանը. «Ուրախ եմ, որ հակառակ նույնիսկ այն բոլոր ճնշումներին ու հորդորներին, որ կան, հատկապես նաև եվրոպական կառույցների կողմից՝ փակել ատոմակայանը, գոնե իշխանությունը չի գնում այդ քայլին: Հույս ունենամ, որ դա անվտանգության հաշվին չի արվի: Եթե ունենայինք Նաիրիտ գործարան, քիմիական համալիր, կունենայինք լրիվ այլ էներգետիկ համակարգ ու ջրամատակարարում»:

Խոսելով գազամատակարարման ոլորտում թույլ տրված սխալների մասին՝ պարոն Խաչատրյանը, հղում կատարելով այն հայտարարություններին, թե աշխարհում չկա երկրորդ երկիր, որն ունի 98 տոկոս գազաֆիկացում, ասաց. «Աշխարհում չկա նման բան, որ գյուղի մոտով գազատար է անցնում, բայց կողքին աթարի բլուրներ են»:

Պարոն Խաչատրյանը հայտնեց, թե տնտեսագիտական տեսանկյունից դաժան ցուցանիշներ են գրանցվել սոցիալական ոլորտում: Նա մանրամասնեց. «Համաձայն հրապարակված տվյալների՝ նվազել են առողջապահական, կրթական ծախսերը, բայց մենք՝ բոլորս, պարտաճանաչ վճարողներ ենք: Եթե սպառողական ծախսերի միայն 10 տոկոսը բնակկոմունալ ծառայությունների համար ենք վճարում, սա արդեն անհանգստացնող ցուցանիշ է: Մենք գերվճարումներ ենք կատարում և դրա պատճառով նորմալ վերարտադրություն չենք ապահովում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031