ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) միջև «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» նախագծի շրջանակում:
Հուշագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթության ուսուցման համակարգում ներդնել «Օրգանական գյուղատնտեսության սկզբունքները» ուսումնական մոդուլը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, ինչպես նաև համաֆինանսավորվում ու իրականացվում է Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից:
Կարևորելով համագործակցությունը՝ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և այդ համատեքստում պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև ոլորտի կրթական ծրագրերին.«Օրգանական գյուղատնտեսության ուղղությունը մեզ համար մեծ նշանակություն ունի և մենք ուրախ ենք այս հնարավորության համար: Հույս ունենք, որ նոր մոդուլի ներդրման արդյունքները թույլ կտան ծրագիրը դարձնել շարունակական»,- իր խոսքում նշել է Մանուկ Մկրտչյանը:
Ավստրիայի դեսպանատան տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը նշել է, որ ուսումնական մոդուլը մշակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Ավստրիայի լավագույն փորձի կիրառմամբ. «Մենք մշակում ենք ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար, իսկ դասախոսների համար՝ մեթոդական ուղեցույցներ: Համագործակցում ենք նաև քոլեջների, բուհերի և ֆերմերների հետ` ուսումնական ծրագրում իրենց դիտարկումները ներառելու նպատակով: Վստահ ենք, որ այս դասընթացները կնպաստեն նոր ձևավորվող, բայց մրցունակ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ուսանողների հետագա կարիերայի առաջխաղացմանը, և Հայաստանը կունենա բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ», – նշել է Գերհարդ Շաումբերգերը:
Նշենք, որ հուշագրով սահմանվում է կողմերի պատրաստակամությունը աջակցելու «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատանքի համար» ծրագրում ընդգրկված գյուղատնտեսական մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատությունների ուսումնական ծրագրերում օրգանական գյուղատնտեսության մոդուլի նախագծման, մշակման, ինտեգրման և ներդրման աշխատանքներին:
Համագործակցության նպատակն է մշակել մոդուլը և դասախոսների ուսումնական ձեռնարկները, աջակցել ընտրված ՄԿՈՒ հաստատությունների կարողությունների զարգացմանը, որոնք ընտրվել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրում ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների ցանկից, ինչպես նաև ուսանողներին ապահովել օրգանական ոլորտի վերաբերյալ կայուն գիտելիքների ու տեղեկատվության հասանելիությունը:
Ավստրիական Զարգացման Գործակալությունը միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցություն կցուցաբերի մոդուլի ձևավորմանն ու տեղական կրթական համակարգի հարմարեցմանը, ինչպես նաև նախարարությանը կտրամադրվի մոդուլի ուսուցման համար անհրաժեշտ նյութերը, Հայաստանի տարբեր մարզերում տեղակայված ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների ու տնօրենների համար կազմակերպվեն փորձնական դասընթացներ:
Նախարարության կողմից կապահովվեն մոդուլի ինտեգրման իրավական, գործնական և ինստիտուցիոնալ հիմքերը, ազգային փորձագետներից կազմված աշխատանքային խմբի գործունեությունը, նախագծի միջոցառումներին դասախոսների և մասնագետների մասնակցությունը, ՄԿՈՒ հաստատություններում մոդուլի գործարկումը, դասավանդման շարունակականությունը, ծրագրի մոնիտորինգը և գնահատումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն