«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատական նիստում այսօր մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն: Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը 2015թ. դեկտեմբերի 31-ին ոստիկանին հարվածելու համար դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, եւ պատժի կրման ժամկետը շուտով ավարտվում է:
Դատախազի միջնորդությունը զայրացրեց դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիներին՝ ամբաստանյալներին հարազատներին եւ համախոհներին, որոնց մի մասն այդ օրը Սաֆարյանի հետ է եղել: Նրանք բղավեցին, որ ոստիկանները հարբած են եղել, որ Սաֆարյանին անհիմն են դատել, որ Օսիպյանի պես անձանց պատճառով են քաղաքացիական ակտիվիստներին դատում: Տեւական ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ Ժիրայր Սեֆիլյանի կինը վիճում էին:
«Ի՞նչ է նշանակում՝ «Օսիպյանն իր շներին բաց թողեց քաղաքացիների վրա»…այսքան ժամանակ տեսե՞լ եք՝ ես Ձեզ վիրավորեմ, կամ որեւէ ոստիկան իրեն նման բաներ թույլ տա: Եթե որեւէ ոստիկան խմած լինի, խոստանում եմ՝ նա մեկ ժամում կազատվի աշխատանքից, բայց նման բան չկա»,-վստահեցրեց Վալերի Օսիպյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ