Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ սոցիալական և առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի` անապահով խավի հասցեին արված այն արտահայտությանը, թե հարկ չկա թանկացումներից պաշտպանել աղքատ խավին, որովհետեւ «աղքատ մարդկանց մոտ սովորություն կա` նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց», ռեժիսոր եւ ակտիվ քաղաքացի Հրանտ Վարդանյանն ասաց. «Անմեղսունակացել են շատերը, այդպես մտածում են, այդպես էլ ապրում են, երբ հարցը ուրիշներին է վերաբերում, ինչ ասես այդ մարդկանց»:
Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի հրաժարական տալուն, Հրանտ Վարդանյանը հետեւյալ կարծիքի է. «Նման ձևով մարդկանց վերաբերվելն արդեն հրաժարական տալուն հավասար է, մանկապարտեզի երեխեքն ավելի լավ պատասխան կտային…Չգիտեն` ինչ են ուզում, չգիտեն՚ ինչ են անում: Աննորմալ է վիճակը, դրա համար էլ այդ մարդիկ իրենց տեղերում խելագարեցնելու աստիճան պատասխաններ են տալիս»:
Մեր հիշեցմանը, թե Խոսրով Հարությունյանն էլ ասել էր` միայն կարտոֆիլ օգտագործողները, միեւնույն է, չեն կարող միս գնել, Հրանտ Վարդանյանը պատասխանեց. «Ախր ինչպես կարելի է նման կերպ արտահայտվել, մարդկանց մասին են խոսում, ինչպես կարելի է այդքան անհարգալից ու անմարդկային լինել կողքինների նկատմամբ, չէ՞ որ իրերի մասին չեք խոսում, այլ մարդկանց, այն էլ չքավոր մարդկանց…Գոնե լռեք, ամաչեք, որ ձեր կողքին աղքատ հայ մարդիկ են ապրում, մի պատասխանեք, եթե պատասխան չունեք տալու»:
Ռեժիսորը ոչ համարժեք պահվածք ցուցաբերող պաշտոնյաների հանդեպ պայքարի ճանապարհ է առաջարկում. «Նման մարդկանց հետ ձեռ առնելով է պետք խոսել, պատժելը, գործից հանելը ավելի թույլ են, ցույց, բան, դրանք դատարկ բաներ են… Ընդհակառակը, պետք է ձեռ առնել, այնքան խոխմեք կարելի է անել, ծաղրանկարներից սկսած: Ֆանտազիայի շատ տեղ են տվել` անեկդոտների համար: Ջահելները դա պետք է օգտագործեն, ոչնչացնեն նման վերաբերվողների տեսակը մեր հասարակության մեջ: Այնքան կարելի է ձեռ առնել, որ զրոյանան, ամաչեն իենց երեխաներից, թոռներից, որպեսզի այլևս չկարողանան «բլթացնել» այն, ինչ մտքներով անցնում է: Ձայնները տաք տեղից է գալիս, կուշտը սովածին չի կարողանում հասկանալ, իսկ ավելի սարսափելի է, երբ հասկանում ես, որ այսօր իրենց նման ձևով պահողների մեծ մասը երեկվա սովածներն են: Ամոթ է՝ հայ մարդը մեկ այլ հայ մարդու նկատմամբ պիտի սրտացավ և ուշադիր լինի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Ֆեյսբուքից: