«Մեր աղջիկների վրա կատարվում է հետազոտություն»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում ներդրվող մարդու պապիլոմավիրուսային վարակի (ՄՊՎ) դեմ «Գարդասիլով» պատվաստման վտանգավոր հետևանքների մասին ահազանգեց Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, բժիշկ-նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը: Ըստ նրա՝ կասկածելի է այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը պլանավորում է պատվաստել միայն 13 տարեկան 16 հազար աղջիկների:namak naxararin
Նա տեղեկացրեց, որ հարցում են ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, որին պատասխանել են. «Մեզ պատասխանեցին, քանի որ պատվաստումը կատարվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցներով, իրենց առաջարկվել է ընտրել միայն մեկ տարիքային խումբ: Ստացվում է, որ եթե նախարարության աշխատակիցները մտածեին մեր ազգաբնակչության առողջության մասին, ապա պետք է շահագրգռված լինեին, որ պատվաստումը ստանային ավելի շատ տարիքային խմբեր, քանի որ ըստ ցուցման՝ այն անհրաժեշտ է 9-26 տարեկան բոլոր անձանց»:patasxan
Հղում կատարելով վիճակագրությանը՝ տիկին Խաչատրյանը փաստեց, թե ըստ այդ տվյալների՝ 13 տարեկան աղջիկների թիվը հասնում է 20 հազարի: Ուստի հարց է առաջանում ՝ ի՞նչ է լինելու այն չորս հազարի հետ, և եթե այս պատվաստումը ցուցված է նաև արական սեռին, ապա ինչո՞ւ են ընտրվել միայն աղջիկները:
Մարինե Խաչատրյանը տեղեկացրեց, որ առկա է «Գարդասիլ 9» տեսակը, որը պաշտպանում է պապիլոմավիրուսային վարակի ինը տեսակից: Այնուհետև հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է հենց «Գարդասիլ 4»-ը ՄԱԿ-ը տրամադրում. «Մենք պետք է պատվաստենք այն, ինչ անհրաժեշտ է ՄԱԿ-ի՞ն, թե՞ այն, ինչ լավագույնն է և անհրաժեշտ մեր աղջիկներին»:
Անդրադառնալով հետպատվաստումային իմունիտետին, որի միջին տևողությունը հինգ տարի է, տիկին Խաչատրյանն ասաց. «Հասարակ մաթեմատիկական գործողություն կատարենք՝ 13-ին գումարենք 5, կստանանք 18 տարեկան: Հարց եմ ուղղում՝ ՀՀ-ում աղջիկների քանի՞ տոկոսն է մինչև տասնութ տարեկան ապրում անկանոն սեռական կյանքով: Իսկ եթե 18 տարեկանից հետո աղջիկներն այլևս իմունիտետ չեն ունենալու այդ վիրուսի նկատմամբ, ապա ինչո՞ւ է առողջապահության նախարարությունն ընտրել 13 տարեկաններին: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ մեր աղջիկների վրա կատարվում է հետազոտություն»:
Մարինա Խաչատրյանի համար նաև կասկածելի է, թե ինչու է ՀՀ-ն «Գարդասիլը» ձեռք բերել շուկայականից այդքան ցածր գնով: Նա մանրամասնեց. «Գարդասիլի» շուկայական արժեքը 70-160 դոլար է: Ի պատասխան մեր հարցման՝ նախարարությունից պատասխանեցին, նաև Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ այն ձեռք է բերվել 4,5 դոլարով: Ցանկացած բանական մարդու մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարող է այս թանկ դեղորայքը ձեռք բերվել այսպիսի գնով: Ի պատասխան առողջապահության նախարարն ասաց, որ «Գարդասիլը» ձեռք է բերվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցներով: Հայտարարեցին, որ գնման գործընթաց չի եղել, հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչ ուղղությամբ է գնացել 4,5 դոլարը, քանի որ հայտնի է 34,5 հազար դեղաչափ է ձեռք բերվել: Բազմապատկելու դեպքում ստանում ենք գումարը՝ մոտ 150.000 ԱՄՆ դոլար, որը չգիտես ինչ հիմնավորմամբ է դուրս գրվել մեր պետական բյուջեից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ