«Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր տեւական ժամանակ շարունակվում է գործով ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի հարցաքննությունը, որը, հիշեցնենք, Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է: Հարցեր ուղղելու հնարավորությունից օգտվեց մյուս ամբաստանյալ Ներսես Պողոսյանը:
-Քանի՞ րոպե է տեւել մեր առերեսումը:
-Հրաժարվում եմ պատասխանել,-արձագանքեց Հովհաննես Պետրոսյանը:
-Այն տեւել է 2 րոպե, մինչդեռ թղթերում գրված է, թե՝ 45: Ի՞նչ եղավ այն սպիտակ հեռախոսը, որը շատ բան կարող էր իմ օգտին ասել, եւ որի միջոցով դու կապ ես պահպանել Հրայր Թոփչյանի հետ:
-Հրաժարվում եմ պատասխանել:
-Անհետացավ հա՞ այդ սպիտակ հեռախոսը, գործի նյութերում այն չկա՝ «Մեշոկ պապին» գողացավ…
Ապա Ներսես Պողոսյանը հայտարարեց. «Եթե ուզենամ հեռուստաաշտարակ զավթել, կզավթեմ: Զենքը կնգա նման է. որ տվեցին, էլ հետ տալ չկա»:
Պողոսյանին զայրացրեց այն հանգամանքը, որ Հովհաննես Պողոսյանը նախաքննական ցուցմունքներ է տվել որոշակի «անճշտություններով», որոնց պատճառով ինքը հիմա կալանավորված է:
Ամբաստանյալների պաշտպանների հարցերին ի պատասխան՝ Հովհաննես Պետրոսյանը դատարանին նաեւ հայտնեց, որ ջնջել է իր եւ Ժիրայր Սեֆիլյանի ֆեյսբուքյան նամակագրությունը, որովհետեւ գաղտնիության հարց կար: «Դրանցում հակաօրինական բաներ չկային, բայց կարող էին առաջանալ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ