Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղադրողը պահանջել է 13 տարով ազատազրկել Դիլիջանի զինկոմի որդուն, դատարանը նրան անմեղ է ճանաչել

Դեկտեմբեր 08,2017 15:35

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 9-ին, ժամը 19-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանել է Սերգեյ Միքայելյանի հետ, որի ընթացքում Դ. Հակոբյանը ապտակել է Ս. Միքայելյանին:

Տեղի ունեցած վիճաբանությունից հետո Ս. Միքայելյանը փորձել է հանդիպել Դ. Հակոբյանին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: 2016թ. փետրվարի 11-ին Ս. Միքայելյանը եւ Դ. Հակոբյանը պայմանավորվել են հանդիպել, հանդիպման տեղի եւ ժամի մասին Դ. Հակոբյանը պետք է տեղեկացներ:

Նույն օրը ժամը 18.30-ի սահմաններում Ս. Միքայելյանը եւ նրա քրոջ ամուսին Յուրի Սահակյանը Ս. Միքայելյանին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով, որը վարել է Յուրի Սահակյանը, իսկ Ս. Միքայելյանը նստել է ավտոմեքենայի հետեւի նստատեղի միջնամասում, շրջել են Դիլիջան քաղաքով, սպասելով Դ. Հակոբյանի զանգին: Յու. Սահակյանը եւ Ս. Միքայելյանն այդ ընթացքում մի քանի անգամ գնացել են Դ. Հակոբյանի բնակության վայր`Դիլիջանի Շամախյան թաղամաս:

Ժամը 22-ի սահմաններում հերթական անգամ Շամախյան թաղամասից վերադառնալիս Դիլիջանի Կալինինի փողոցի 4-րդ նրբանցքում Դ. Հակոբյանը շատերի համար վտանգավոր եղանակով Սերգեյ Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ հետեւի աջ դռան եւ երկու անգամ`պաշտպանիչ վահանակի ուղղությամբ: Հանցագործությունն ավարտին չի հասցվել Դ. Հակոբյանի կամքից անկախ հանգամանքներում, Յու. Սահակյանը կտրուկ ավելացրել է մեքենայի արագությունը եւ հեռացել դեպքի վայրից:

Ս. Միքայելյանը կրակոցներից հետո ավտոմեքենայի նստատեղից հանել է այնտեղ պահված ինքնաձիգը եւ ավտոմեքենայի պատուհանից 3-4 անգամ օդ կրակել, որպեսզի այլեւս իրենց ուղղությամբ չկրակեն: Նա կրակելուց հետո ինքնաձիգն աղբամանն է նետել: Կրակոցների հետեւանքով Սերգեյ Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք:

Նշենք, որ Դավիթ Հակոբյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդին է: 2016թ. փետրվարի 24-ին որոշում է կայացվել Դ. Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2016թ. փետրվարի 24-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը`2 ամիս ժամկետով:

2016թ. մարտի 9-ին Դ. Հակոբյանը կամովին ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: 2016թ. նոյեմբերի 22-ին Դ. Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Սպանության փորձը, որ կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով») եւ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից ու դրա փամփուշտներից,ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»):

Դ. Հակոբյանի դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացել է 2017թ. մարտի 13-ից:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`դատարանում Դ. Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչել, ասելով,որ մեղադրանքի հետ առնչություն չունի: Նա դատարանում չի ցանկացել ցուցմունք տալ, սակայն պատասխանելով հարցերին`ասել է, որ ինքը երբեւէ զենք չի ունեցել, նույնիսկ չգիտի, թե «ԱԿ» տեսակի ինքնաձիգն իրենից ինչ է ներկայացնում, Սերգեյ Միքայելյանին ճանաչում է քրեական գործի շրջանակներում, նրան առաջին անգամ տեսել է ազատազրկման վայրում, բաղնիք գնալիս, տեսնելով, որ կաղում է; Այնուհետեւ նրան մոտիկից տեսել է կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայում, դատարան գնալիս, ինքը նրան ասել է, որ հանկարծ չմտածի, որ ինքն է նրա վրա կրակել, չլսի պրովոկացիաներին:

Քրեական գործով տուժող Ս. Միքայելյանը դատաքնննության ընթացքում ցուցմունք է տվել, որ Դ. Հակոբյանին նախկինում չի ճանաչել, նրա հետ ծանոթացել է ազատազրկման վայրում, նրա հետ որեւէ թշնամություն չի ունեցել:

Դատարանում մեղադրողը պահանջել է Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտել 13 տարի ժամկետով ազատազրկման:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ նշված քրեական գործով հավաքված ապացույցները թույլ չեն տալիս պարզել մեղադրանքի հիմքը կազմող հանգամանքներ, (մասնավորապես, այնպիսիք, որոնք վերաբերում են կատարված հանցագործություններին մասնակցությանը) անհրաժեշտ խորությամբ եւ լրիվությամբ նշված հանգամանքների ապացուցվածությունը կասկած է հարուցում, միաժամանակ սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

2017թ. նոյեմբերի 28-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է ճանաչել եւ հռչակել Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ`կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ, Դ. Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը վերացնել , նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճում, նրան պարզաբանել ապօրինի ձերբակալման, որպես մեղադրյալ ներգրավվելու, խափանման միջոցներ կիրառելու, ապօրինի դատի տալու հետեւանքով պատճառված վնասների հատուցման պահանջով քաղաքացիական դատավարության կարգով դատարան դիմելու իրավունքը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031