Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գյումրու բրենդը հենց գյումրեցիներն են». մտավորականները՝ իրենց քաղաքի բրենդավորման մասին

Դեկտեմբեր 08,2017 14:19

Ինչպես հայտնի է, Deem Communications ընկերությունը իրականացնում է Գյումրիի բրենդավորման ծրագիրը: Նպատակն այս քաղաքի կոլորիտը, ավանդական արժեքներն աշխարհին ճանաչելի դարձնելն է: Ծրագիրը մեկնարկել է մարտ ամսից, կազմակերպությունը սոցհարցումներ է կատարել՝ հետաքրքրվելով, թե ի՞նչը կարող է մարդկանց բերել Գյումրի:

Ի՞նչ օգուտ կարող է բերել բրենդավորումը քաղաքին, այս մասին զրուցեցինք «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի հետ։ «Նման ծրագրերը կարող են փոքր, աննշան օգուտ տալ։ Առհասարակ, գյումրեցիներն են Գյումրու բրենդը։ Իսկ ընդհանուր վերցրած, բրենդը ժամանակի հետ պետք է ձևավորվի, հասարակությունը պետք է այն ձևավորի, և ոչ թե մի քանի հոգի խումբ ստեղծեն, նստեն, մտածեն, թե քաղաքի բրենդը սա է, նա է։ Մենք միայն պետք է փաստենք, ֆիքսենք, որ այ, սա՛ է եղել ու սա՛ է քաղաքի բրենդը, օրինակ՝ երբեք ոչ ոք չի ասի, որ Գյումրվա քյալլա ճաշատեսակը Սիսիանինն է։ Օրինակ՝ Անգլիան աշխարհին հայտնի է իր ավանդույթներով։ Այն ամենաավանդապաշտ երկիրն է, և իրենց լավագույն ավանդույթները վերջին 100-150 տարվա ընթացքում են ստեղծվել։ Ուզում եմ ասել, որ ժամանակը, կյանքն է ծնում քաղաքի խորհրդանիշ»,-ասաց Վահան Թումասյանը։

Այդուհանդերձ, պարոն Թումասյանն առաջարկում է քաղաքը ճանաչելի դարձնել հայկական գամփռով կամ շողուլով։ «Քաղաքը կարող են ճանաչել հայկական գամփռով կամ շողուլով։ Բայց ես այն կարծիքին եմ, որ Գյումրին ու գյումրեցիներն արդեն իսկ խորհրդանիշ են։ Մենք ունենք նաև շատ պատմամշակութային կոթողներ, բայց չունենք Գյումրիին առանձնահատուկ այն կառույցը, որ կդառնա բրենդավորման հիմք: Օրինակ՝վերցնենք Սև Ղուլը, այն եղել է ցարական, ռուսական զորամաս ու չի կարող դառնալ քաղաքի բրենդ»։

Մեր զրուցակիցը չմոռացավ նաև շեշտել տնակային ավանները՝ նշելով, որ այսօր մեր քաղաքը բոլորին հայտնի է, այսպես կոչված, «դոմիկներով»։

Հարցի շուրջ կարծիք հարցրեցինք նաև պատմաբան Արթուր Նիկողոսյանից: «Գյումրու բրենդավորումն այնքան կարևոր և ուղենիշային երևույթ է, որ չարժե շտապել։ Գյումրին շատ սպեցիֆիկ է որպես բնակավայր, հիրավի, բացառիկ է։ Մենք խոսում ենք Կումայրիի, Ալեքսանդրապոլի, Լենինականի, Գյումրիի մասին, դարերից եկած մի քաղաքի մասին, հետևաբար առաջին հերթին պետք է հարգել նրա վաղեմությունը և դրանից ելնելով բրենդավորման համար պատմական հենք փնտրել։ Իմ խորին համոզմամբ՝ քաղաքի առաջացումը, ձևավորումը, կայացումը կապված է արիացիների հետ։ Կումայրի հենց նշանակում է արիների խումբ։ Այն եղել է արիների բնակավայրը, երկրամասը։ Արիները բազում տոտեմներ են ունեցել, կարելի է հենց նրանց հետ կապել քաղաքը։ Լսել եմ ինչ-որ տոտեմային խորհրդանիշների մասին են խոսում՝ արջ կամ գայլ: Այստեղ հովանավորող կենդանու երևույթ կա: Թվարկված կենդանիներից որևէ մեկը Գյումրիի հետ չի կապվում: Ես նաև այն քարացած, դոգմատիկ տեսակետին էլ հակված չեմ, որ ներկան ու ապագան մոռանալով, ապրենք անցյալով կամ հնի պաշտամունքով», -ասաց պատմաբանը։

Պարոն Նիկողոսյանը նաև նշեց, որ տեղյակ է ժողովրդական հարցումներից, որոնցով պարզ էր դառնալու, թե որ հայտնի գյումրեցու անվան հետ են կապում մեր քաղաքը։ «Ես կատեգորիկ դեմ եմ, որ որևէ անձնավորություն, թեկուզև Իսահակյանի, Շիրազի կամ էլ Գյուրջիևի պես մեծություն դառնա քաղաքի խորհրդանիշ, որովհետև քաղաքը ապրող օրգանիզմ է, այն կա, և դեռ 1000 տարի հետո էլ կլինի։ Էնքա՜ն Գյուրջիևներ, Շիրակացիներ կգան-կգնան։ Ինչու՞ անընդհատ քաղաքի խորհրդանիշ փոխենք, եթե կա վերջինիս ծագումնաբանությունը՝ Կում-արի։ Եվ ի վերջո բրենդով չէ, որ քաղաքը պետք է ներկայանալի դառնա տուրիստներին կամ դրսից եկողներին։ Նախ` հարկ է մտածել, որ քաղաքը դառնա հետաքրքիր և ուշագրավ։ Ոչ թե բրենդի համար պետք է այցելեն Գյումրի, այլ հենց քաղաքի։ Նախ` մտածենք բնակչության կենսամակարդակը բարձրացնելու, քաղաքը շենացնելու, այն տեսանելի, դիտելի դարձնելու հանար, ապա նոր բրենդի», – եզրափակեց նա։

Շուշան ՍԱՐԳՍՅԱՆ

Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031