Այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած «Կոռուպցիան եւ անվտանգության մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ կոռուպցիայի, վարչական ռեսուրսների չարաշահման պատճառով վերջին ընտրություններին ուղղակի ջախջախվեց մեր հասարակությունը. «Մեր երկրում ժողովրդավարության ամենակարեւոր գործիքներից մեկը՝ մարդու իրավունքների պաշտպանություն գոյություն չունի»:
Նա նշեց, որ մեր երկրում, չգիտես ինչու, պաշտոնյաների, նախարարների զավակները, պարզվում է, շատ տաղանդավոր են, բոլորը դառնում են համայնքների ղեկավարներ, պաշտոնյաներ ու հենց հայրը ինչ-ինչ պատճառներով պաշտոնից զրկվում է, պարզվում է, որ արդեն որդին էլ չի համապատասխանում համայնքապետի պաշտոնին ու զրկվում է. «Սա էլ ձեզ տեղական ինքնակառավարում: ՀՀ-ի զեկույցները կարդում ես, օրենքներն են բերում, թե խոշտանգումները վերջապես ՔրՕրում համապատասխանեց ՄԱԿ-ի կոնվենցիային: Բայց հետո ի՞նչ, ո՞վ է կիրառելու այդ օրենքը: Ցուցումով են աշխատում. ՀՔԾ, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն, ուղղակիորեն ենթարկվում են մեկ մարդու եւ նրա ցուցումով են գործում: Ինչքան էլ խոսեն ՀՔԾ եւ այլն, դա խոսում են միամիտների համար, որեւէ մեկը կհամաձայնվի՞ ՆՐԱ մերձավորներից որեւէ մեկի վրա քրեական գործ սկսել: Խնդրեմ, բացեք «Հետքը» եւ սկսեք, կամ ցանկացած պաշտոնյայի ունեցվածքը տեսեք, գնացեք շրջեք եւ սկսեք: Մենք չունենք իշխանության տարանջատում, անկախ դատաիրավական համակարգ եւ խոսել այստեղ մարդու իրավունքների պաշտպանությունից անիմաստ է»:
Նա հարցրեց՝ ինչո՞ւ չեն պատժում որեւէ ոստիկանի, եթե ինչ-որ մեկին խոշտանգում է: Ըստ նրա, եթե որեւէ ոստիկան պատժվեց՝ համակարգը կսկսվի խարխլվել: Սա, ըստ Իշխանյանի, հենց քաղաքական կոռուպցիան է, վկան՝ ոստիկանների ջարդը ցույցերին:
Իսկ քաղաքագետ Մանվել Սարգսյանը հիշեց, թե մի սեմինարի ժամանակ, երբ քննարկել են քաղաքական խնդիրների, ուզուրպացիայի մասին, մի ուսանող ինչպիսի մտահոգություն է հայտնել՝ կոռուպցիայի վերացման վերաբերյալ. «Ինքը 22-23 տարեկան էր, հարց է տալիս, ասում է ամբողջ կյանքներս ես, մեր ընտանիքը, մեր ընկերները մեծացել ենք եւ միակ ձեւը, որով այս երկրում հնարավոր է հասարակ խնդիրներ լուծել՝ կոռուպցիան է: Հիմա, որ դուք առաջարկում եք կոռուպցիան վերացնել, բա լավ, մենք ո՞նց ապրենք, մեր ընտանիքը, ամբողջ մեր թաղամասը սոված կմեռնի: Լուրջ, կրթված տղա էր: Երբ խոսում ենք համակարգային կոռուպցիայի մասին, պիտի հասկանանք որտեղից է գալիս սա, որ երեխան արդեն նման հարց է տալիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ