Aravot.am-ն այսօր ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե կիսո՞ւմ է արդյոք տնտեսագետների այն մտահոգությունը , որ եկամտահարկի արտոնության վերացումը, որը մի քանի տարի առաջ կառավարությունը սահմանել էր անշարժ գույքի շուկան աշխուժացնելու նպատակով, բացասաբար կանդրադառնա շինարարության ոլորտի վրա եւ այն անկում կապրի:
Պարոն Անանյանն ի պատասխան ասաց, որ եկամտահարկի արտոնությունը ավելի շատ խթանեց շինարարության արդյունքում կառուցված բնակարանների վաճառքը. «Շինարարը, որը ծրագրել է շինարարություն իրականացնել` ելնելով այն նորմից, որ եկամտահարկի վերադարձ է լինում, իր կողքին չունի տնտեսագետներ, լավ խորհրդատուներ, որպեսզի իրեն ասեն, որ այդպիսի իրավական նորմի վրա բիզնես չեն պլանավորում»:
Մանրամասները` տեսանյութում
Դավիթ Անանյանն այսօր «Հայացք» ակումբում ներկայացրեց Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները: Այսպես` ներգնա զբոսաշրջային ոլորտում առաջարկվում է վերականգնել ներգնա զբոսաշրջության ոլորտի՝ ԱԱՀ-ից ազատման արտոնությունը:
Հանրային սննդի ոլորտը ներկայումս հարկվում է արտոնագրային հարկով 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում այն իրավական նորմը, ըստ որի մինչեւ 100 քմ (ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված՝ 600 քմ փոխարեն) մակերես ունեցող սպասարկման սրահների միջոցով
գործունեություն իրականացնող հարկ վճարողները կշարունակեն համարվել արտոնագրային հարկ վճարող, իսկ 100 քմ գերազանցող մակերես ունեցող սպասարկման սրահների միջոցով գործունեությունը կհարկվի ընդհանուր հարկման համակարգով: Փոփոխությամբ նախատեսվում է, մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը վերականգնել 600 քմ շեմը, որը հնարավորություն կընձեռի ոլորտում գործող տնտեսավարողների հարկային բեռը չավելացնել մինչեւ 01.07.2018թ.-ը։
Ըստ Դավիթ Անանյանի, դիզելային վառելիքի՝ ԱԱՀ-ով հարկումը կկատարվի հետեւյալ կերպ:
Կսահմանվի, որ մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծված եւ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկ վճարողների մոտ առկա դիզելային վառելիքի ապրանքային մնացորդների մասով ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկից ենթակա է հաշվանցման յուրաքանչյուր տոննայի հաշվով 22000 դրամ (35000-13000)՝ 2018 թվականի առաջին հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ակցիզային հարկի եւ ԱԱՀ-ի միասնական հաշվարկում՝ որպես մատակարարին վճարած ակցիզային հարկ:
Ներկայումս «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն` մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործող խմբագրությամբ դիզելային վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափը սահմանված է մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծման դեպքում՝ ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 1 տոնայի համար 35000 դրամ:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի` մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ գործող խմբագրությամբ, դիզելային վառելիքի ներմուծումը եւ օտարումն ազատվում է ԱԱՀ-ից:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ