Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպած «Կոռուպցիան եւ անվտանգության մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ խոսեց իշխանությունների քայլերի մասին՝ կոռուպցիան կրճատելու:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը արձագանքեց. «Այդ իրավունքը, որի մասին խոսում եք, զրո է, եթե այդ իրավունքը դատարանում չի գործում: Հենց այդ իրավունքը չգործեց՝ ամբողջ ԱԺ-ն պայթացրեք, դեն գցեք, ո՞ւմ է պետք: Իրավունքը պետք է աշխատի: Այդ ամբողջ իրավունքները վառելու թուղթ են ընդամենը: Անցյալ տարի մենք քվեարկեցինք այն Սահմանադրությունը, որ ծանր պայքարով, կեղտոտ մեխանիզմներով մեր վզին փաթաթվեց: Տեսանք, ինչ ծանր պայքար մղեց իշխանությունը, այդ Սահմանադրությունը մեր վզին փաթաթելու: Այդ Սահմանադրության հիմնավորման հայեցակարգն ասում է, Հայաստանը քանի որ ազատական տնտեսության երկիր է, այստեղ անհավասարությունը բնական է: Ամբողջ Սահմանադրությունը կառուցված է այդ բնական անհավասարության գաղափարի վրա: Ո՞վ ասեց, որ ազատական տնտեսությունը անպայման անհավասարության հասարակություն է եւ ով ասեց, որ իշխանությունը անհավասարության խնդրի նկատմամբ անելիք չունի»:
Նա կոնկրետ օրինակներով խոսեց՝ ցույց տալու, թե ինչքանով է կոռումպացված իշխանությունը մեր երկրում. «Լիսկայի տնից զենքեր գտան, ո՞ւր է Լիսկայի գործը: Տեսանք ինչեր են կատարվում, դատարանում հենց հիմա հարցեր են քննարկվում, թե հեռու մեկի ասածով այս մեկի մոտ զենք են գտել, բա ո՞ւր է Լիսկայի գործը, իշխանությո՛ւն: Պարոն Քրմոյան, կարո՞ղ եք մի տրամաբանական բացատրություն տալ՝ ո՞ւր է Լիսկայի ամբողջ ընտանեկան գործը՝ Մոնումենտում դղյակում է…Դուք՝ ՀՀԿ-ն, նրա թիկունքին կանգնած եք, ես իշխանության դեմ եմ պայքարում: Քաղհասարակությունը ի՞նչ պիտի անի, շատ-շատ պետք է ցույց տա նրա դղյակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ