Այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպել էր «Կոռուպցիան եւ անվտանգության մարտահրավերները» խորագրով քննարկում: Քաղաքագետ, ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը խոսեց ապրիլյան պատերազմի եւ կոռուպցիայի կապի մասին. «Մարդիկ, մասնագետները, քաղաքագետները ապրիլյան պատերազմի հետ կապված պարզ, հստակ հարցեր տվեցին իշխանությանը, բայց այդ հարցերի պատասխանները ոչ ոք մեզ չտվեց: Հետո զեկույցներ դուրս եկան, որ բենզինը այն չէր, վառելիքն այն չէր, տեխնիկան չի աշխատել, հազար ու մի բան: Կես բերան ասում էին՝ այո, ու հետո՝ ոչինչ: Հետո արդեն սկսվեցին կադրային փոփոխություններ: Եթե այս հարցերի պատասխանները չկային, ինչո՞ւ սկսեցին գեներալների փոփոխություններ: Ոչ մի պատասխան նորից չկար»:
Մանվել Սարգսյանն ասաց, որ ծաղկուն կոռուպցիա երբ տիրում է, իշխանությունների քայլերի նկատմամբ չի լինում հավատ. «Որեւէ մեկը կհավատա՞, որ այդ զինվորին դատել են ճիշտ: Մեծամասնությունն անպայման ասելու է, որ դա սխալ է, քավության նոխազ է, պատժվողը չի պատժվել: Որեւէ մեկը չի հավատալու, լրջագույն խնդիրը դա է: Կարող է անգամ այն, ինչ կատարվում է, կիսով չափ չի համապատասխանում մարդկանց ընկալմանը, բայց դա երկրորդական է, առաջնայինն այն է, որ թերահավատության է բերում բոլորին: Այս ոլորտում սա կյանքի ու մահվան հարց է, այլ ոլորտում կարող է լուրջ չլինի»:
Մանվել Սարգսյանն ասաց, որ երբ ղարաբաղյան հակամարտություն ունենք, բանակցային սեղանի շուրջ ենք նստում թշնամի պետության հետ, նորից թերահավատություն կա բանակցային գործընթացի հետ կապված, որեւէ մեկը չգիտի, թե ինչի մասին են խոսում մեր իշխանությունները այդ սեղանի շուրջ, որեւէ մեխանիզմ գոյություն չունի ստուգելու համար, թե ինչի մասին են խոսում մեր պաշտոնյաները մեր թշնամիների հետ. «Ապրիլյան պատերազմի ժամանակ ծագեցին շատ կոնկրետ խնդիրներ, ընդունվեցին որոշումներ, որոնք որակավորվեցին որպես որոշումներ՝ ազգային շահին հակասող՝ հօգուտ ուրիշ պետությունների: Հարցերը բարձրացվեցին, որեւէ պատասխան նորից չեղավ: Այ սա արդեն կոռուպցիա է, որն արդեն իսկ ազգային անվտանգության համար է խնդիրներ ստեղծում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ