Լրահոս
Օրվա լրահոսը

Պատկերացնո՞ւմ եք, հայաստանցի աղքատները կարագ էլ են ուտում, նույնիսկ՝ միս ու մսամթերք. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 08,2017 12:26

Երեւի շատ կզարմացնենք Խոսրով Հարությունյանին, եթե պնդենք, որ Հայաստանում աղքատները այնքան են աղքատացել, որ նույնիսկ սկսել են ավելի քիչ կարտոֆիլ օգտագործել: Սա օդից վերցրած պնդում չէ: Սա փաստ է, որը արձանագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ԱՎԾ-ն: Այն նույն ԱՎԾ-ն, որի նկարած տնտեսական աճերով հիանում են նույն այդ ՀՀԿ-ականները:

Իսկ ԱՎԾ-ի տվյալները հետեւյալն են: Երբ 2008 թվականին ՀՀԿ-ն ստանձնեց լիարժեք իշխանությունը, Հայաստանի բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի յուրաքանչյուր ներկայացուցիչ ամսական սպառում էր միջինը 3.3 կիլոգրամ կարտոֆիլ: 2016-ին այդ ցուցանիշը կազմել է արդեն 2.8 կիլոգրամ: Այսինքն, ամենաաղքատները հիմա 15 տոկոսով ավելի քիչ են կարտոֆիլ օգտագործում, քան 8 տարի առաջ: Կանխազգալով հնարավոր «հակահարվածը», թե կարտոֆիլ ավելի քիչ են օգտագործել, բայց ավելի շատ միս, կարագ ու միրգ են կերել, բերենք նաեւ մյուս տվյալները: 10 տոկոս ամենաաղքատ բնակչության ներկայացուցիչները 2008 թվականին օգտագործել են ամսական միջինը 200 գրամ կարագ եւ յուղ, իսկ 2016 թվականին՝ 100 գրամ: Այսինքն, 2 անգամ քիչ: 2008 թվականին նրանք սպառել են ամսական մեկ կիլոգրամ միս ու մսամթերք, իսկ 2016-ին՝ 900 գրամ: Նվազումը՝ 10 տոկոս: 2008 թվականին նրանք սպառել են ամսական 2 կիլոգրամ միրգ ու հատապտուղ, 2016-ին արդեն 1.7 կիլոգրամ: Նվազումը՝ 15 տոկոս: Շաքարի սպառումը ամենաաղքատների կողմից նվազել է երկու անգամ…:

Այս տվյալները Խոսրով Հարությունյանին թերեւս շոկի մեջ կգցեն: Պատկերացնո՞ւմ եք, հայաստանցի աղքատները կարագ էլ են ուտում, նույնիսկ՝ միս ու մսամթերք: Ավելին՝ միրգ ու շաքար էլ են օգտագործում: Իսկ պարոն Հարությունյանը համոզված է, որ աղքատները պետք է միայն կարտոֆիլ ուտեն: Ինչպիսի հարված, ինչպիսի հիասթափություն: Տպավորությունն այնպիսին է, որ աղքատները դա անում են ի հեճուկս Խոսրով Հարությունյանի՝ նրա ինադու: Ընդ որում անում են հատուկ դաժանությամբ:

Բայց պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ճիշտ ուղու վրա է: Եթե իր լիակատար իշխանության 8 տարիների ընթացքում մարդիկ ավելի քիչ են ուտում, ապա եւս այդպիսի մի 8 տարի, ու ԱՎԾ-ն ստիպված կլինի արձանագրել, որ Խոսրով Հարությունյանը հասել է իր նպատակին՝ մարդիկ միայն ու միայն կարտոֆիլ են ուտում, այն էլ մի 3 անգամ պակաս, քան հիմա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031