Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների լավատեսական գնահատականների եւ արձանագրվող իրական ցուցանիշների ֆոնին հերթական անգամ իր կանխատեսումները թարմացրել է նաեւ Կենտրոնական բանկը։
Ընթացիկ տարվա համար Կենտրոնական բանկն արդեն ակնկալում է 4,4-4,9 տոկոս տնտեսական աճ։ Նախորդ կանխատեսման համեմատ բավականաչափ նվազել է առավելագույն եւ նվազագույն սպասումների տարբերությունը։ Դա նշանակում է, որ, Կենտրոնական բանկի գնահատումներով, տնտեսական աճի հետ կապված անորոշությունները վերստին թուլացել են։
Սա այս տարվա ընթացքում Հայաստանի բանկի ներկայացրած ամենաբարձր ցուցանիշն է ՀՆԱ վերաբերյալ։ Ընդ որում, այդ շրջանակներում են տեղավորվում նաեւ կառավարության կանխատեսումները։
Հիշեցնենք, որ պետական բյուջեով նախատեսված 3,2 տոկոսի դիմաց կառավարությունն ակնկալում է համախառն ներքին արդյունքի 4,5 տոկոս ավելացում։
Չորրորդ եռամսյակի գնաճի հաշվետվության մեջ Կենտրոնական բանկը սպասումները վերանայել է աճի ուղղությամբ։ Հայաստանի Կենտրոնական բանկը շատ ավելի լավատես է դարձել հատկապես նվազագույն ակնկալիքների առումով։ Նախորդ եռամսյակի 3,9¬ի դիմաց կանխատեսվել է ՀՆԱ-ի առնվազն 4,4 տոկոս ավելացում։ Երրորդ եռամսյակի տնտեսական զարգացումներով պայմանավորված՝ այս ցուցանիշը վերանայվել է 0,5 կետով։
Չնայած ԿԲ-ն ավելացրել է սպասումները նաեւ առավելագույն աճի առումով, այնուհանդերձ այս դեպքում տարբերությունը նախորդ կանխատեսումից մեծ չէ։ Նախկին 4,8¬ի դիմաց ակնկալիքներն այժմ 4,9 տոկոս են։
Կենտրոնական բանկի այս լավատեսական գնահատականների վրա ուղղակի ազդեցություն են գործել ոչ միայն առաջիկա սպասումները, այլեւ արձանագրված փաստացի ցուցանիշները։ Ինչպես հայտնի է, տարեվերջից երկու ամիս առաջ գրանցվել է տնտեսական գործընթացների բարձր մակարդակ։ Ակտիվությունը տարեսկզբի 10 ամիսների ընթացքում հասել է 7,1 տոկոսի, ինչը դրական սպասումներ է ձեւավորել նաեւ տնտեսական աճի հետ կապված։
Եթե հաջողվի պահպանել հիշյալ միտումները, ապա տարեվերջին համախառն ներքին արդյունքի ցուցանիշի բարելավումը կարող է գերազանցել նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումները։ Հիշեցնենք, որ առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի տնտեսական աճը եղել է 6 տոկոս։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում