Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդն, օրինակ, հաստատ նույն ակտիվությամբ չէր մասնակցի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հանդիպումներին. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 08,2017 12:11

Իշխանություններին իսկապես պետք չէ լավ ապրող ժողովուրդ։ Բայց ցավն այն է, որ ընդդիմությանը նույնպես լավ ապրող ժողովուրդ պետք չէ։ Բարեկեցիկ կյանքով ապրող ժողովուրդն, օրինակ, հաստատ նույն ակտիվությամբ չէր մասնակցի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական հանդիպումներին (ակնհայտ է, որ մարդիկ ամենեւին էլ այդ քաղաքական ուժի լիդերների ծրագրային ելույթները լսելու համար չէ, որ իրենց կոտորում էին՝ հարթակին ավելի մոտ գտնվելու համար)։

«Ելք» դաշինքն էլ, վստահաբար, այն հաջողությունը չէր ունենա, եթե մարդիկ լավ ապրեին, որովհետեւ այդ ուժի հիմնական կռվանը սոցիալապես անապահով խավերի «սրտից ջուր խմող» բոցաշունչ ելույթներն են։

Այսինքն՝ ուրացվում է, որ խորհրդարանն ու ժողովուրդը բացարձակապես տարբեր հարթություններում են գտնվում ու իրարից կտրված, առանձին գոյություններ են։ Մի կողմում հազիվ գոյատեւող ու առաջիկա թանկացումներից սարսափահար հարյուր հազարավոր մարդիկ են, մյուս կողմում՝ կոկիկ հագնված, 600 հազար դրամ աշխատավարձ ստացող, շուտ-շուտ պետության հաշվին արտասահման գնացող ու ԱԺ ամբիոնից սիրուն-սիրուն ճառեր ասող քաղաքական գործիչները, ովքեր մի հիմնական մտահոգություն ունեն՝ այնպիսի ճառեր ասել, որ հաջորդ ընտրություններից հետո էլ պահպանեն իրենց այսօրվա կարգավիճակը։

Ինչ վերաբերում է թանկացումներին եւ մարդկանց սոցիալական վիճակի անխուսափելի վատթարացմանը, ապա դա կանխելու երկու ճանապարհ կա։ Նախ՝ ջարդել առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման մենաշնորհները (որպեսզի մրցակցությունը թույլ չտա կամայականորեն բարձրացնել գները), եւ երկրորդ՝ բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, որպեսզի գնաճի արդյունքում մարդկանց կենսամակարդակը չնվազի։ Առաջինը հնարավոր է միայն ամենաբարձր մակարդակով կայացված քաղաքական որոշման արդյունքում (բայց մենք հիշում ենք, չէ՞, թե ով էր մուննաթ գալիս լրագրողների վրա՝ «բա ուզում եք, որ Հայաստանի նման փոքր երկրում տասը հոգի շաքարավազ ներկրի՞»), իսկ երկրորդի համար անհրաժեշտ է, որ տնտեսությունը դուրս գա ստվերից, եւ բոլորը վճարեն հարկերը (բայց մենք հիշում ենք, չէ՞, թե ովքեր են «ինքնաբուխ» հանրահավաքներ կազմակերպում՝ հենց որ ՊԵԿ-ը փորձում է ստվեր բացահայտել)։

Գրիգոր ՈՍԿԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031